Որոտանը երևացել է Նյու Յորքից

Որոտանի հէկերի համալիրը վաճառելու շարժառիթն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ դրա վերազինման համար կան անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ KfW-ի հետ €51  մլն-ի վարկային պայմանագիրը:

Ամերիկյան «Կոնտուր գլոբալ» (ContourGlobal) ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հետ բանակցում է Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ: Այն կառավարության հաշվեկշռում մնացած էներգետիկ ակտիվներից վերջինն է, որի հնարավոր վաճառքի վերաբերյալ կառավարությունը մինչ այժմ լռել է: Ուշագրավ է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը վերջին շրջանում քանիցս հայտարարել է, որ Որոտանի հէկերի համալիրը չի վաճառվում:

Թեև կառավարության ներկայացուցիչները հերքում էին Որոտանի հէկի վաճառքի մասին լուրերը, բուլղարական DD Agency փիար ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ Նյու Յորքում գրանցված «Կոնտուր գլոբալ» ընկերությունը «ակտիվորեն բանակցում է ՀՀ կառավարության հետ «Որոտան» հիդրոկասկադի բոլոր ակտիվների գնման հարցի շուրջ»: «Չնայած գործարքի պայմանները դեռևս հստակեցման փուլում են, գնման արժեքը զգալի կլինի, և կպահանջվի արտաքին՝ ոչ հայաստանյան աղբյուրներից ֆինանսավորում:

Գնումը կիրականացվի «Կոնտուր գլոբալ» ընկերության սեփական միջոցներով և միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան (OPIC), Համաշխարհային բանկի մասը կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք ներգրավված միջոցների հաշվին»,– նշված է հաղորդագրությունում, որը տարածել է DD Agency-ն:

Ի հավելումն ամբողջական գնի՝ «Կոնտուր գլոբալ» ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել էլեկտրակայաններում հիմնական գեներատորների նորոգման նպատակով: «Ներդրումների պահանջը հրատապ է՝ հաշվի առնելով էլեկտրակայանների տարիքը, ինչպես նաև ներդրումների սղությունը վերջին մի քանի տարիների ընթացքում: Ներդրումների նպատակը կայանների հուսալիության բարձրացումն է՝ ելնելով Հայաստանի էլեկտրական ցանցերի համար հաճախականության ապահովման գործում դրանց առանցքային դերից»,– նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Անհայտ իրավական հիմքերով
Այս հաղորդագրությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացն ըստ էության ավարտական փուլում է, կողմերը եկել են ընդհանուր համաձայնության, և մնացել են տեխնիկական հարցերը։ «Կոնտուր գլոբալ» ընկերությունը ոչ հրապարակային ընկերություն է (ԲԲԸ չէ): Բայց հաշվի առնելով, որ միջազգային էներգետիկ այս ընկերության կապիտալը $1 մլրդ է, իսկ հասույթը 2011թ. դրությամբ՝ $1,1 մլրդ, ինչպես նաև այն, որ 17 երկրներում գործող ակտիվների հզորությունը 3000 ՄՎտ է, հասկանալի է, որ ելնելով բանակցային նրբություններից՝ ընկերությունը հաղորդագրություն չէր տարածի, եթե վստահ չլիներ արդյունքների հարցում։

Փաստացի, կառավարությունը ոչ միայն գաղտնի է պահել Որոտանի հէկը վաճառելու մտադրությունը, այլև թույլ է տվել օրենքի խախտում: Որոտանի հէկը 2001թ. ընդգրկվել էր «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» օրենքում և ենթակա էր մասնավորեցման։ Սակայն ավելի ուշ՝ 2006թ. մայիսին, Ազգային ժողովն ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» օրենքը, որով Որոտանի հէկը հանվեց մասնավորեցման ծրագրից: Դրանից հետո որևէ իրավական փաստաթուղթ չի ընդունվել, որով նախատեսված է մասնավորեցնել Որոտանի հէկերի համալիրը: Ներկայում պարզ չէ, թե ինչ իրավական հիմքերով է կառավարությունը «Կոնտուր գլոբալ» ընկերության հետ բանակցել Որոտանի հէկերի համալիրը վաճառելու շուրջ։
Անորոշ շարժառիթներ

Կառավարության կողմից Որոտանի հէկերի համալիրը վաճառելու շարժառիթը անհասկանալի է: Ճիշտ է, համալիրը բարոյապես մաշված է, սակայն նրա վերազինման համար ֆինանսական միջոցները հասանելի են. 2010թ. վերջին կառավարությունը գերմանական KfW բանկի հետ ստորագրել է €51  մլն-ի վարկային պայմանագիր: Շուկայականից էժան վարկային միջոցներն ուղղվելու են Որոտանի համալիրի մասը կազմող «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերի արդիականացմանը և վերազինմանը, իսկ վարկի սպասարկման միջոցները ներառվելու են սակագնում։ Արդիականացումից հետո, ամենամոտավոր հաշվարկներով, Որոտանի համալիրն առնվազն $400  մլն կարժենա (համալիրի գումարային տեղակայված հզորությունը 404,2 ՄՎտ է):

Որոտանի հէկը շահագործման ցածր ծախսերի տեսանկյունից արդյունավետ է և շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսակետից. այն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը: Որոտանի հէկի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժաներից մեկն է Հայաստանի էներգետիկ համակարգում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 7-ի որոշումից հետո, որով բարձրացվեցին կայանների էլեկտրաէներգիայի սակագները, Որոտանի հէկերի համալիրի 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի միադրույք սակագինը կազմելու է Դ7,9, այն դեպքում, երբ օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի էլեկտրաէներգիայի գինը կազմելու է Դ10,83: Սա այն դեպքում, երբ Որոտանի հէկի սակագնի հիմքում դրվել է Դ2,1 մլրդ-ի շահույթ, իսկ Մեծամորի ատոմակայանի շահույթը կազմելու է ընդամենը Դ100 մլն:

Նախապատվությունը՝ գնորդին
Պետական ձեռնարկություն հանդիսացող Որոտանի հէկի սակագնի հիմքում Դ2,1 մլրդ շահույթ դնելը հանգեցրել է նրան, որ համալիրի արտադրած 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել է Դ2,8-ով: Թեև կառավարությունը կարող էր հրաժարվել շահույթից, սակայն չգնաց այդ քայլին։ Օրինակ՝ նախորդ տարիներին պետական այս ընկերության էլեկտրաէներգիայի սակագինը հավասար էր ինքնարժեքին (2010թ.՝ 1 ԿՎտ/ժ-ի սակագինը Դ1,2 էր), և դրա միջոցով հնարավոր էր վերջնական սպառողների համար անփոփոխ պահել սակագինը: Բայց այս տարի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշել է համալիրից ստանալ Դ2,1 մլրդ-ի շահույթ այն դեպքում, երբ նախորդ երկու տարիներին ընկերությունը ևս շահույթով էր աշխատել՝ Դ3 մլրդ։ Մոտավոր հաշվարկներով՝ միայն Որոտանի հէկերի համալիրից էլեկտրաէներգիան ինքնարժեքով ձեռք բերելու դեպքում վերջնական սպառողների համար 1 ԿՎտ/ժ-ի սակագինը կբարձրանար ոչ թե Դ8-ով, այլ Դ7-ով, և կկազմեր Դ37: Բայց կառավարությունը առաջնահերթությունը տվել է ոչ թե վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը զսպելուն, այլ Որոտանի հէկերի համալիրը գնորդի համար ավելի գրավիչ դարձնելուն։