Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի մերժվել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը` դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր` հունիսի 13-ին, մերժել է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` հայցային վաղեմության հիմքով: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Սանասարյանը:

Վերջինս դիմել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, քանի որ վերջինս 2012թ. օգոստոսի 11-ին Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցում «անվայելուչ վիրավորանքներ, զրպարտող, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ և սպառնալիքներ էր հնչեցրել Դավիթ Սանասարյանի հասցեին, որն արատավորել էր իր պատիվն ու արժանապատվությունը»:

Ըստ դիմողի՝ հարցազրույցում Ռ. Հայրապետյանի «այ ճիճու», «մինչև մահ վախենալու են ինձանից», «իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու» և այլ արտահայտությունները արատավորել են իր բարի համբավն ու արժանապատվությունը:

Մեկնաբանել