Իրանում նախագահ են ընտրում. Խամենեին առաջիններից է քվեարկել

Այսօր՝ հունիսի 14-ին, Իրանում նախագահական 11-րդ ընտրություններն են. իրանցիներն ընտրում են երկրի յոթերորդ նախագահին: Իրանի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով՝ 07:30) արդեն բացվել են բոլոր 66 հազ. ընտրատեղամասերը, և սկսվել է քվեարկությունը, որը կավարտվի Իրանի ժամանակով ժամը  18։00-ին (Երևանի ժամանակով՝17:30), հաղորդում է իրանական Mehr գործակալությունը: Ընտրություներին քվեարկելու իրավունք ունի ավելի քան 50 մլն իրանցի: Ընտրատեղամասեր են բացվել նաև այլ երկրներում՝այդտեղ բնակվող Իրանի քաղաքացիների համար: Մեկ ընտրատեղամաս է գործում նաև Հայաստանում: Ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարի ներքին գործերի նախարարությունը, որը պետք է հաստատվի Պահապաների խորհրդի կողմից: Իրանի մշակույթի նախարարության ՝ օտարեկրյա ԶԼՄ-ների հարցերով վարչության փոխանցամամբ՝ ընտրությունները լուսաբանում է 421 լրագրող աշխարհի 39 երկրից: Իրանի հոգևոր առաջանորդ այաթոլլահ Ալի Խամենեին առավոտյան առաջիններից է քվեարկել՝ կատարելով իր քաղաքացիական պարտքը: Նա ասել է, որ անգամ իր ընտանիքը տեղյակ չէ՝ ում օգտին է ինքը քվեարկել: Խամենեին կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին և չուշանալ քվեարկությունից: Նա այս ընտրությունները էպիկակական է բնորոշել: Հոգևոր առաջնորդի խոսքով՝ արդյունքների հաշվարկի պատասխանատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կրում, քանի որ դա նրա պարտականությունների շրջանակում է: Նախագահի աթոռի համար պայքարում է վեց թեկնածու: Իրենց թեկնածությունը հանելու մասին հայտարարել են նախկին փոխնախագահ և տեխնոլոգիաների նախկին նախարար Մոհամեդ Ռեզա Արեֆը, ինչպես նաև  Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամալի Հադադ Ադելը:Պայքարը շարունակում են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Սայիդ Ջալիլին,  նախկին արտգործնախարար, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի նախկին հրամանատար  Մոհսուն Ռզաին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար (1989-2005 թթ․) Հասան Ռոհանին և հեռահաղորդակցությնա նախկին նախարար Մոհամեդ Ղարազին: