Երևանում մենք կնվագենք հին ու նոր երգեր. Յուրի Շևչուկ

Մենք կնվագենք թե հին, թե նոր երգեր. «Արմնյուզ»-ի «Բանաձև» հաղորդման շրջանակում նշեց հայտնի ռուս ռոքեր Յուրի Շևչուկը: «Հետաքրքիր չէ միշտ նույն երաժշտությունը նվագել: Այս համերգային ծրագիրը տարբերվում է նախորդներից»,- ասաց նա՝ հավելելով, որ սա առաջին հանդիպումն է հայ հանդիսատեսի հետ, իսկ հետագայում, թերևս, հանդիպում կկազմակերպեն այլ երգացանկով: Անդրադառնալով համերգի խորագրին “Сольник”՝ Շևչուկն ասաց, որ այդ բառն իրեն դուր է եկել. «այն նշանակում է և մենահամերգ, և համով՝ աղ ու պղպեղով… դուք ինձ կհասկանաք»:

Խոսելով քաղաքական-հասարակական պայքարի մասին՝ նա նշեց, որ մարդ լինելը դժվար է, ու պայքարող մարդ-անհատից շատ բան է կախված, բայց ոչ՝ ամեն ինչ: «Միասին պայքարում ենք, միասին մեր փոքրիկ հաղթանակներն ունենում, մեր քաղաքացիական հասարակությունը կերտում»,- ասաց նա:

Շևչուկը կարծում է, որ պատմագիտություն, որպես այդպիսին, չկա: «Պատմությունը պոռնիկ է, ում օգտագործում են բոլոր քաղաքական գործիչները՝ ինչպես իրենց պետք է: Ես, սակայն, սիրում եմ պատմությունն ու խղճում նրան: Պատմությունը գիտություն չէ, այն առասպելաբանություն է»,- նշեց նա:

Մշակութային գործիչները հաճախ կարծում են, թե կարող են ազդել իշխանությունների վրա, սակայն, ռոքերի դիտարկմամբ, դա սխալ ուղի է, որով առաջնորդվելով՝ արվեստագետը կորցնում է ներքին ազատությունը: Պետական կոչումներին նա լուրջ չի վերաբերում. «Ի վերջո, կոչումներով չէ, որ մարդիկ ընդունում են քեզ, կամ Աստված դատավճիռ է կայացնելու»,- ասաց նա:

Շևչուկի կարծիքով՝ պաշտոնական տեղեկություններին, ապահովագրությանը սովոր այսօրվա մարդկությունը շատ հաճախ սարսափելի վախենում է ապագայից, քանի որ «այստեղ ոչ միայն որոշակի, այլև՝ ոչ մի երաշխիք չկա»:

Վերադառնալով Երևանում կայանալիք համերգին՝ նա ասաց, որ համերգասրահում սպասում է բոլորին, ում հոգեհարազատ են իր երգերը, իրեն չի համարում բացառապես երիտասարդների կամ որևէ որոշակի խմբի երգիչ: «Մեզ համար նշանակություն չունի, թե ինչ մարմնում է հոգին՝ երիտասարդ է թե ծեր, նվազ թե մկանուտ. կարևորը, որ աչքերը փայլեն. մենք երգում ենք նրա համար»,- նշեց Շևչուկը:

Հիշեցնենք, որ կիրակի օրը երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Յուրի Շևչուկի և DDT խմբի համերգը:

Մեկնաբանել