Չափել բնակարանների անմատչելիությունը

«Ազգային հիփոթեքային ընկերություն» վարկային կազմակերպությունը հաշվարկել է Հայաստանում «Բնակարանային մատչելիության ինդեքսը»։ Այն ցույց է տալիս, թե քանի տարում ընտանիքը միջոցներ կկուտակի բնակարան ձեռք բերելու համար։ Միջազգային պրակտիկայում այս ինդեքսի համար ընդունելի միջակայք է 3-5 տարին, Երևանում այն կազմել է 5,55 տարի։

Ըստ «Ազգային հիփոթեքային ընկերության»՝ բնակարանային ապահովվածությունը ցանկացած հասարակության կարևոր խնդիրներից է: Անշարժ գույքի ձեռքբերումը թանկ և ժամանակատար գործընթաց է և տնային տնտեսություններից տարիների խնայողություններ է պահանջում։ Խնդրի լուծման այլընտրանքը անշարժ գույքի ձեռքբերումն է փոխառու միջոցների՝ հիփոթեքային վարկի միջոցով։
Հիփոթեքային վարկի հասանելիության գնահատման նպատակով միջազգային պրակտիկայում կիրառվում են բնակարանային մատչելիության և հիփոթեքային վարկի մատչելիության ինդեքսներ, որոնք հաշվարկվում են տվյալ երկրի կամ տարածաշրջանի միջին վիճակագրական տվյալների հիման վրա։

«Բնակարանային մատչելիության ինդեքսը» բնակարանի միջին գնի և տնային տնտեսության միջին տարեկան եկամուտի հարաբերությունն է։ Ինդեքսը ցույց է տալիս, թե քանի տարում ընտանիքը միջոցներ կկուտակի բնակարան ձեռք բերելու համար, եթե օրինակ՝ ամբողջ եկամուտները խնայվում են այդ նպատակի համար։ Հաշվարկները հիմնված են միջին վիճակագրական տվյալների վրա։

«Ազգային հիփոթեքային ընկերությունը» հաշվարկների համար հիմք է ընդունել, որ միջին աշխատավարձով երկու աշխատող ունեցող ընտանիքում յուրաքանչյուրը ստանում է Դ142,711 հազարական միջին աշխատավարձ (ապրիլի միջին աշխատավարձը) և ցանկանում է ձեռք բերել երկսենյականոց բնակարան Երևանում՝ 70 քմ մակերեսով (ապրիլին 1 քմ-ի միջին գինը՝ Դ271,4 հազ.)։ Ցանկալի բնակարանի գինը կկազմի Դ18,998 մլն, բնակարանային մատչելիության ինդեքսը՝ 5,5։ Այսինքն միջին վիճակագրական ընտանիքն իր եկամուտներն ամբողջությամբ պետք է խնայի 5,5 տարի՝ Երևանում միջին արժողության բնակարան ձեռք բերելու համար։ Միջազգային պրակտիկայում ինդեքսի ընդունելի միջակայքը 3-5 տարին է։

Վարկային կազմակերպությունը նաև հրապարակել է «Հիփոթեքային վարկավորման մատչելիության ինդեքսը», որն ընտանեկան եկամուտների՝ վարկային մարումներին ուղղվելիք մասի (ՀՀ բանկային համակարգում ընդունված է առավելագույնը եկամուտների 45%-ը) և ամսական մարումների հարաբերությունն է։ Եթե ցուցանիշը փոքր է 1 միավորից, նշանակում է, որ պահանջվող ամսական մարումներն ավելին են, քան ընտանեկան եկամուտների 45%-ը։ Իսկ եթե ցուցանիշը գերազանցում է 1 միավորը, հիփոթեքային վարկը ընտանիքի համար մատչելի է։ Երևանում հիփոթեքի վարկավորման մատչելիության ինդեքսը ապրիլին կազմել է 0,75 կետ, ինչը նշանակում է, որ միջին աշխատավարձով ընտանիքի համար հիփոթեքով բնակարան ձեռք բերելը այդքան էլ մատչելի չէ։

Հաշվարկները կատարված են «Ազգային հիփոթեքային ընկերության» վերաֆինանսավորված վարկերի միջինացված պայմաններով (տարեկան տոկոսադրույքը՝ 12%, մարման ժամկետը՝ 150 ամիս, կանխավճարը՝ 30%)։

«Ազգային հիփոթեքային ընկերությունը» պետական վարկային կազմակերպություն է, որի հիմնական գործառույթը հիփոթեքային վարկերի վերավարկավորումն է։ Գործունեության չորս տարիների ընթացքում վարկային կազմակերպությունը վերաֆինանսավորել է ֌28,2 մլրդ ընդհանուր ծավալով ավելի քան 3,6 հազ. հիփոթեքային վարկ։ Ներկայում ընկերությունը համագործակցում է 15 բանկի և 4 վարկային կազմակերպության հետ, ընկերության մասնաբաժինը դրամային հիփոթեքային վարկերում մոտ 30% է։

Մեկնաբանել