Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած ավագ սպայի գործն ուղարկվել է դատարան

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անձի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ ՊՆ N զորամասի ավագ սպա, կապիտան Կառլեն Միրզոյանը մեղադրվում է այն բանում, որ նա, 2013թ. մարտի 2-ին` ժամը 08:20-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Վերֆել փողոցի խաչմերուկում հետադարձ կատարելիս խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները` նախապես չհամոզվելով հետադարձ կատարելու անվտանգության մեջ, ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությամբ ընթացող «ԶԱԶ-Սենս» մակնիշի ավտոմեքենային, բախվել է վերջինիս, որի հետևանքով «ԶԱԶ-Սենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող, ոստիկանության կրտսեր սերժանտ Անտոն Ավդալյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: