Ս.Կարապետյանը կաթ մթերողներին հորդորել է գներն արհեստականորեն չիջեցնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր. տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից: Նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ այցելել է Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանների չորս համայքներ, և տեղում ծանոթացել այն աշխատանքի հետ, որն իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի միջոցով: Վարկային այս փաթեթը մշակվել է ՀԲ-ի փորձագետների հետ համատեղ. նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքների առավել մրցունակ ու կայուն համակարգերի կայացմանը:

Ծրագրի շրջանակում Շիրակի մարզի 9 համայնքներում արդեն հիմնադրվել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, 5 համայնքում արդեն ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինաշխատանքները, արոտօգտագործողների միավորումները ստացել են ժամանակակից գյուղտեխնիկա: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել և զրուցել է համայնքների ղեկավարների, արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների ներկայացուցիչների հետ, ովքեր գոհունակությամբ են խոսել կատարված աշխատանքի մասին՝ հույս հայտնելով, որ պետական այս աջակցությամբ իրենց համայնքում հնարավոր է նոր թափ հաղորդել անասնապահությանը:

Նախարարը համայնքների կառավարման նոր համակարգերի ներդրումը դիտարկել է նաև սոցիալական համատեքստում՝ նշելով, որ կոոպերատորներն այս նոր մոտեցումների պայմաններում կարող են ավելացնել իրենց եկամուտները: «Մեր խնդիրն է արոտավայրերն առավել արդյունավետ օգտագործել, կերարտադրության և կենդանիների կերակրման համակարգերը բարելավել, որպեսզի անասնապահական մթերքների արտադրության ծավալներն ավելանան, իսկ ֆերմերների եկամուտներն աճեն»,- նշել է նա: Ուշագրավն այն է, որ վարկային ծրագրի ռեսուրսների խնայման հաշվին Շիրակի մարզի ևս 3 համայնքներ կներգրավվեն այս կարևոր ծրագրում:

Գյուղատնտեսության նախարարը Ամասիայի տարածաշրջանի Բասեն համայնքում հանդիպել է նաև կաթ մթերողների հետ՝ նրանց հորդորելով ապրանքի գինն արհեստականորեն չիջեցնել, քանի որ ներդրված ցանկացած ծրագիր պիտի լինի հօգուտ սպառողի, մարդակենտրոն: Նախարարի վերջին կանգառը Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ համայնքի ցորենի և կարտոֆիլի ցանքատարածություններն էին, որոնց ցանքերը իրականացվել են պետական միջոցներով` հողօգտագործողների աջակցության ծրագրի շրջանակում, սուպերէլիտային և էլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սերմերով: Մասնագետները հավաստել են, որ այստեղ առատ բերք է սպասվում:

Մեկնաբանել