Օդի ազատականացման խնդիրը

Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները վերահսկվում են մեկ կամ մի քանի մարդու կողմից: Նույն վիճակն է օդային փոխադրման բիզնեսում: Նույնիսկ «Արմավիայի»՝ դաշտից դուրս գալուց հետո ոլորտը մնում է ոչ մրցակցային, և պետությունը որևէ քայլ չի կատարում այն ազատականացնելու համար: Կառավարությունը հաճախ օտարերկրյա մասնագետներ է հրավիրում Հայաստան՝ քննարկելու օդային փոխադրման ոլորտում ստեղծված խնդիրները, մինչդեռ նման խնդիրներ լուծելու համար մասնագետների կարծիքը չի կարող որևէ բան փոխել, եթե փոփոխություններ կատարելու համար չկա քաղաքական կամք:

Պետությունը հաճախ անիմաստ գումարներ է վատնում նման մասնագետներ հրավիրելու համար, ինչի արդյունավետությունը հավասար է զրոյի: Կառավարությունը հարկատուների հաշվին իմիտացիա է ստեղծում, որ բարեփոխումների ցանկություն ունի, սակայն այդ ցանկությունները մնում են թղթի վրա:

Վերջերս WizzAir Ukraine ավիաընկերության տնօրեն Ակոշեմ Բուշեմը ուկրաինական Forbes ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շուկայով և ծրագրում է չվերթներ կազմակերպել Երևան:

WizzAir-ը ցածր գներով չվերթներ է իրականացնում Արևելյան Եվրոպայի երկրներում: Եթե Հայաստանի կառավարությունը ցանկություն ունենար ոլորտում որևէ բարեփոխում կատարել, ապա նման հայտարարությունից հետո համապատասխան աշխատակիցները պետք է կապ հաստատեին Ակոշեմ Բուշեմի հետ և ասեին, որ պատրաստ են համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ ընկերությունը մտնի Հայաստան և համապատասխան ներդրումներ կատարի:

Գործնականում նման ցածր գներով ավիաընկերությունները հիմնականում թռչում են փոքր օդանավակայաններից, և WizzAir-ը կարող է հետաքրքրված լինել Գյումրիի օդանավակայանով: Այսօր Վրաստանի Քութայիս քաղաքից նման ցածր գներ ունեցող ավիաընկերություններով թռիչքը Արևելյան Եվրոպայի երկրներ 60-80 եվրո կարող է արժենալ: Վերջերս ծանոթներիցս մեկը 30 եվրոյով հասել էր Քութայիս և հետ եկել:

Եթե WizzAir-ը մտնի Հայաստան և հնարավորություն ստանա ցածր գներով ավիափոխադրումներ կազմակերպել, ապա ոչ միայն տոմսերի գները Հայաստանում մի քանի անգամ կէժանանան, այլև ոլորտի ռեսուրսների վերաբաշխում տեղի կունենա: Մարդիկ ավելի էժան տոմսի համար Երևանի փոխարեն Գյումրիից կկազմակերպեն իրենց չվերթը և չնայած գումարի մի մասն էլ կվճարեն տաքսու համար: Սա նաև գումար աշխատելու հավելյալ հնարավորություն է վարորդների համար:

Էժան տոմսերը հնարավորություն կստեղծեն նաև զբոսաշրջության համար: Երիտասարդ եվրոպացիները հիմնականում այցելում են Վրաստան՝ նաև այդ երկիր հասնելու էժան հնարավորություններից ելնելով: Այսօր Տաթևի շրջանում կառավարությունը փորձում է զարգացնել օթևան և նախաճաշ մատուցող բիզնեսները: Պետք է հաշվի առնել, որ նման ծառայություններից օգտվողները հիմնականում վերը նշված երիտասարդներն են, և էժան ավիատոմսերի առկայության դեպքում հնարավոր կլինի նաև զարգացնել այդ բիզնեսը:

Ընդհանրապես տնտեսական բարեփոխումների համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, այլ ոչ թե մասնագիտական կարծիք տվյալ ոլորտը բարեփոխելու տարբերակների մասին: Քաղաքական կամքի առկայության դեպքում միշտ էլ կլինեն հնարավորություններ ոլորտը բարեփոխելու համար: Դրա մասին է վկայում WizzAir Ukraine-ի տնօրենի՝ Forbes-ին տված հարցազրույցը:

Մեկնաբանել