Apple-ը կառավարությանը տրամադրել է 4-5 հազ. օգտատիրական տվյալ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` կապված ԱՄՆ-ի հետախուզական գործունեության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի սկանդալի հետ: Մասնավորապես, Apple-ը հաստատել է այն փաստը, որ համագործակցել է ԱՄՆ կառավարության հետ և վերջինիս տրամադրել օգտատիրական տվյալներ:

2012թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. մայիսի 31-ը ընկերությունը դաշնային և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացել է 4-5 հազ. հարցում` կապված 9 հազ. օգտահաշվի կամ սարքավորման հետ: Հարցումների մեծ մասը վերաբերել է կորած երեխաների որոնմանը, ինքնասպանությունների և գողությունների կանխմանը, «ինչը նշանակում է, որ քաղաքացիներին գաղտնալսելու մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Apple-ը նշել է, որ պետական կառույցներին ընկերության սերվերների և տվյալների բազայի մատչում չի տրամադրվել:

Washington Post-ը հունիսի 6-ին հրապարակել էր հոդված, որում վստահեցվում էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն մատչում ունեն այնպիսի ընկերությունների սերվերների նկատմամբ, ինչպիսին են Microsoft-ը, Yahoo-ն, Google-ը, Facebook-ը, PalTalk-ը, AOL-ը, Skype-ը, YouTube-ը, Apple-ը, և այնտեղից ստանում են օգտագործողների մասին իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն, ներառյալ՝ անձնական նամակագրությունը։

Այս նյութի հրապարակումից հետո նշված ընկերություններից մի քանիսը, այդ թվում` Apple-ը, հերքել էին, որ հատուկ ծառայություններին իրենց սերվերների նկատմամբ մատչում են տրամադրում։

Ավելի վաղ Guardian-ը գրել էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետևում է ամերիկացիների հեռախոսային խոսակցություններին՝ համագործակցելով Verizon հեռախոսային օպերատորի հետ։ Այս ընկերությունը, ըստ պարբերականի տեղեկությունների, տվյալներ է տրամադրում իր հաճախորդների խոսակցությունների մասին դատարանի գաղտնի կարգադրությամբ։