Դավադրություններ, որ տեսություն չեն

Հետաքրքիր հաջորդականությամբ հրապարակումներն իրականություն են դառնում:

Մոտ մեկ տարի առաջ ՍիվիլՆեթը գրում էր, որ Ռուսաստանից ներկրվող բնական գազի գինը $60-ով բարձրացել է՝ ասվածը հիմնավորելով ՊԵԿ-ի տվյալներով, որ Ռուսաստանից ներկրված 1000 խմ բնական գազի միջին մաքսային արժեքը կազմել է $232,4: Սակայն կառավարության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, որ գազը ձեռք է բերվում $180/1000 խմ գնով։ Այսինքն՝ ՊԵԿ-ի պաշտոնական վիճակագրությունը մի բան է ասում, իսկ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ մեկ այլ բան: Հասկանալի է, որ ընտրությունների ժամանակ իշխանությունը պետք է փորձի կոծկել կարևորագույն այդ ապրանքի թանկացումը:

Գազի սակագնի բարձրացման մասին պաշտոնապես հայտարարվելուց հետո ԱԺ-ում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը համառորեն չէր կարողանում հիշել, թե կոնկրետ որ ամսին և որ օրն է գազի թանկացման վերաբերյալ նոր պայմանագիրը ստորագրվել: Նա անգամ ստորագրման տարին չէր հիշում:

Մի անգամ ստելուց հետո ստիպված ես կրկին ստել՝ առաջին սուտը կոծկելու համար: Հայաստանի կառավարությունը գործում է հենց այդ տրամաբանությամբ:

Դեռ անցած տարի ՍիվիլՆեթի աղբյուրները պնդում էին, որ կառավարությունը բարձրացված գազի սակագնի տարբերությունը վճարելու է «ՀայՌուսգազարդում» իր բաժնեմասի մի մասը «Գազպրոմին» փոխանցելու ճանապարհով: Այսօր արդեն պարզվում է, որ կառավարությունը ռուսական «Գազպրոմի» հետ բանակցում է «ՀայՌուսգազարդի» իրեն պատկանող 20 տոկոս բաժնեմասը վաճառելու շուրջ: Տարօրինակ զուգադիպությամբ այդ բանակցությունները սկսվեցին գազի գնի պաշտոնական բարձրացումից անմիջապես հետո:

Նմանատիպ իրավիճակ է Որոտանի հէկերի համալիրի շուրջ: Կրկին կառավարությունը տևական ժամանակ ժխտում էր, որ այն կարող է վաճառվել, սակայն այսօր արդեն հայտարարվում է, որ ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության հետ բանակցում են կառավարության հաշվեկշռում մնացած էներգետիկ ակտիվներից վերջինի ձեռքբերման շուրջ: Ընդ որում՝ այս մասին հայտարարում է ոչ թե կառավարությունը, այլ ամերիկյան ընկերությունը:

Հիմա էլ կառավարությունն ակտիվ զբաղված է օֆշորային սկանդալում վարչապետ Տիգրան Սարգսյանի և հոգևորական Նավասարդ Կճոյանի մասնակցությունը տարբեր միջոցներով «ծածկադմփոց» անելով:

Հետաքրքիր է, որքան կարող է հայ ժողովուրդը հանդուրժել այս ցինիզմը: