MNP-ն տեղափոխել է ժամկետները

Բջջային հեռախոսահամարների տեղափոխելիության (MNP) ծառայությունը Հայաստանում պետք է գործարկվի 2014թ. հունվարի 1-ից. համակարգի ներդրման ժամանակացույցը հուշում է, որ ժամկետը, ամենայն հավանականությամբ, կվերանայվի։ «Բջջային եռյակը» երկու ամսով ուշացրել է MNP-ի ներդրման միջոցառումներն իրականացնող կազմակերպության ստեղծումը։

MNP համակարգի հեռանկարներին հունիսի 19-ին անդրադարձել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։ Ընկերության կողմից տարածված հաղորդագրությունում նշվում է, որ հունիսի 15-ին ուժի մեջ է մտել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում (խոսքն իրականում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի մասին է – Ա.Չ.) կատարված փոփոխությունը, ըստ որի՝ 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը։

«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունել է այն փոփոխությունները, որ այդ ծառայության ներդրման արդյունքում տեղի կունենան Հայաստանի շարժական կապի շուկայում և բաժանորդների համար, ասվում է ընկերության հաղորդագրությունում։ «Արևմտյան Եվրոպայում և այլ երկրներում, որտեղ ներդրվել է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, շուկան մեծապես բարելավվել է, և մենք շատ ուրախ ենք, որ շուտով հայ սպառողները նույնպես կկարողանան ունենալ ընտրության ազատություն: Orange-ը երկար ժամանակ կողմ է եղել Հայաստանում այս ծառայության ներդրմանը»,– ասել է «Օրանժ Արմենիայի» տնօրենը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2012թ. նոյեմբերի 14-ի որոշմամբ և սահմանած ընթացակարգով նախատեսված է, որ MNP ծառայությունը պետք է գործի 2014թ. հունվարի 1-ից։ Այդուհանդերձ, համակարգի ներդրման նախապատրաստական գործընթացներում որոշ խնդիրներ են առաջացել։

Ըստ սահմանված ժամանակացույցի՝ հայաստանյան երեք օպերատորները մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը պետք է ստեղծեին ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրամ, որը և ըստ էության պետք է իրականացներ համակարգի ներդրումը։ Վերջնաժամկետից անցել է մոտ երկու ամիս, կազմակերպությունն այդպես էլ չի հիմնադրվել, օբյեկտիվ՝ օրենսդրական պատճառներով։

Հասկանալի է, որ այս պայմաններում հետաձգվելու են նաև ժամանակացույցով նախատեսված մյուս միջոցառումները։ Մասնավորապես՝ մինչև հունիսի 1-ը պետք է մշակվեր տեղափոխված հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազայի ստեղծման մրցութային փաթեթը։ Մինչև սեպտեմբերի 1-ը պետք է տեղի ունենա մրցութային գործընթացի կազմակերպումը և մրցութային հայտերի ստացումը, իսկ մինչև հոկտեմբերի 1-ը՝ արդեն ընտրվի բազայի մատակարարը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀԾԿՀ-ն ամենայն հավանականությամբ ստիպված կլինի վերանայել MNP-ի ներդրման ժամակացույցը։

Թեև MNP-ն բաժանորդների համար նոր ծառայություն է ու հեռահաղորդակցության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրում, այլ երկրների փորձը ցույց է տալիս՝ գործարկվելու է մի համակարգ, որի պահանջարկն այդքան էլ մեծ չի լինելու։ ԱՊՀ այն երկրներում, որտեղ վերջերս է ներդրվել այս ծառայությունը, բաժանորդների հոսունությունը մեկ օպերատորից մյուսին՝ հեռախոսահամարի պահպանմամբ, չի գերազանցել ընդհանուր բազայի 1%-ը։ Ստացվում է, որ Հայաստանում այս ծառայությունից տեսականորեն օգտվելու է 34 հազ. բաժանորդ։

Բջջային օպերատորների ընդհանուր բազան Հայաստանում դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 3,4 մլն, շուկայի թափանցելիության մակարդակը՝ 113%։ Հաշվի առնելով, որ քաղաքացիների ստվար մի հատվածը միաժամանակ մի քանի օպերատորի բաժանորդ է, ծառայությունից օգտվողների թիվը կարող է է՛լ ավելի փոքր լինել։ Բացի այդ՝ մեկ օպերատորից մյուսին բաժանորդների հոսունությունը կարճ է տևելու՝ ծառայության ներդրման առաջին մի քանի ամիսը։

Հաշվի առնելով մի կողմից Հայաստանի բջջային հեռախոսակապի փոքր շուկան, մյուս կողմից՝ MNP-ի համար անհրաժեշտ ներդրումները՝ օպերատորների համար այս ծառայությունն ամենայն հավանականությամբ տնտեսապես վնասաբեր է լինելու՝ ներդրումները չեն վերադառնալու։

Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ միասնական բազայի ստեղծման համար ներդրումները կարող են կազմել մոտ $5 մլն։ Օպերատորների ներդրումները սեփական ցանցերում՝ համատեղելիության ապահովման համար, կարող են կազմել ևս $3-5 մլն։ Բացի այս ներդրումներից՝ օպերատորներըն ընթացիկ ծախսեր են կատարելու միասնական բազայի շահագործման համար։

Մեկնաբանել