Ռուսաստանը ռուսական ռուլետկա է խաղում

Մամուլում կրկին շրջանառվում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին լուրեր: Հաշվի առնելով, որ անցյալի նման լուրերը հաստատվել են զենքի վաճառքի փաստով, կասկած չկա, որ Ռուսաստանն այս անգամ ևս զինում է Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Հավաստիացումները, որ այս զենքն ուղղված չէ Արցախի դեմ՝ բանական որևէ էակի մոտ հավատ չի ներշնչում: Ադրբեջանի իշխանությունները գրեթե ամեն օր են հայտատարարում ղարաբաղյան կոնֆլիկտը պատերազմի միջոցով լուծելու անհրաժեշտության մասին:

Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են և անդամակցում են ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքին: Հայաստանի թշնամի Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը դիմում է դավաճանության:

Ռուսաստանի նման արարքը դեժավյու է առաջացնում: Խորհրդային առաջին տարիներին Լենինի և Թուրքիայի առաջնորդ Աթաթուրքի դաշինքը բերեց Հայաստանի տարածքների կորստի, իսկ խորհրդային վերջին տարիներին խորհրդային զորքերն ադրբեջանական զինված խմբավորումների հետ միասին կազմակերպում էին հայաբնակ Շահումյանի շրջանի հայաթափումը և կազմակերպում հայության ջարդեր: Սրանով հանդերձ հայությունը նոր հարաբերություններ կառուցեց հետխորհրդային Ռուսաստանի հետ՝ խորհրդային հայատյաց էլիտաներին հստակ տարբերակելով Ռուսաստանի նոր էլիտայից:

Արդյունքում ստեղծված ռազմավարական հարաբերությունները բերեցին նրան, որ ներկայում Հարավային Կովկասի երեք ճանաչված պետություններում Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի միայն Հայաստանում: Հարավային Կովկասում ռուսական ներկայություն հնարավոր է միայն դաշնակցային Հայաստանի առկայության դեպքում:

Այժմ ռուսական էլիտան անզուսպ զինում է Ադրբեջանին: Դեպքերի վատթարագույն զարգացման դեպքում, ասենք՝ Արցախի կորստից հետո, Հայաստանին ոչինչ չի խանգարում հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից և բռնել ՆԱՏՕ-ին անդամակցության կուրս, ինչը Ռուսաստանին վերջնականապես դուրս կմղի Հարավային Կովկասից: Ռուսաստանը վաճառել է զենք, որը դեպքերի վատթարագույն զարգացման դեպքում կրակելու է Ռուսաստանի դեմ: Իսկ հայության դեմ սպանդ կատարածների կամ դրան նպաստածների ճակատագիրն ամբողջ աշխարհին է հայտնի:

Մեկնաբանել