ԴԱՀԿ-ում քննարկվել է ՀԲ-ի հետ հետագա համագործակցությունը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հունիսի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, Ծրագրի խմբի անդամներից՝ Գործառնությունների գծով ավագ մասնագետ Դեվիդ Բեռնշտեյնին, ՀԲ այլ ներկայացուցիչների:

Ինչպես հաղորդում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են ավարտին մոտեցող «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

«Ծրագիրը բավական արդյունավետ է, և կարող ենք արձանագրել, որ ծառայությունը լուրջ հաջողությունների է հասել մի քանի ուղղություններով: Առաջին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողացել ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած կատարողական վարույթների ծավալներին: Երկրորդ՝ տարիների վաղեմություն ունեցող «երկարաձգված» վարույթների քանակը նույնպես կրճատվել է»,- ասել է Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀԲ-ին՝ ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար:

Ըստ նրա՝ օրեցօր ի հայտ եկող խնդիրները պահանջում են նոր լուծումներ, ուստի ծառայությունը փնտրում և կիրառում է նոր գործիքներ՝ աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու, հասարակությանն ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու համար:

Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ «էլեկտրոնային վարույթ» ծրագիրը ծառայությունում առաջիկայում ավարտուն տեսք կունենա, որի արդյունքում էլ պարզ կդառնան հետագա քայլերը:

Դավիթ Մելիքյանը բարձր է գնահատել ՀԲ-ի և ԴԱՀԿ-ի համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ արդյունքները:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ ծառայությունը որդեգրել է զարգացման ճկուն ռազամավարություն, այն է՝ ներդնելով միջազգային համանուն կառույցների հաջողված փորձը, և թե՛ ժամանակի, թե օրվա հրամայականով լուծում տալ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում Միհրան Պողոսյանը կարևորել է ՏՏ ոլորտում Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Դեվիդ Բեռնշտեյնը գոհունակություն է հայտնել ծառայությունում «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ԴԱՀԿ ծառայության փորձը ուսանելի այլ երկրի համար:

Նշվում է, որ էլեկտրոնային հարցման ամբողջական ավտոմատ համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային հարցում Պետական եկամուտների կոմիտեից, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, առևտրային բանկերից, Սոցիալական ապահովության ծառայությունից, Անձնագրային և վիզաների վարչությունիվ և Կենտրոնական դեպոզիտարիա:

Մեկնաբանել