Հրդեհ Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու գմբեթում

Հրշեջ-փրկարարներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել հրդեհը: Գյումրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը շարունակվում է հրդեհվել. փոխանցում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը: Ներկայում այրվող եկեղեցու տարածք են այցելել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, տեղակալները, մարզի հրշեջ վարչության պետը, ջրմուղագործներ, շինարարներ, ՀՀ քաղաքացիներ, ովքեր փորձում են օգտակար լինել հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների գործը դժվարացնում է այն, որ հրդեհը եկեղեցու մեծ գմբեթում է և կռունկի օգնությամբ են փորձում ջուր բարձրացնել վերև և մասնակցել հրդեհաշիջմանը:

Այս պահին այրվող եկեղեցու տարածք է ժամանել նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով բարձրացել է գմբեթ:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 18:41-ին: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին:

Հիշեցնենք, որ հրդեհը սկսվել է այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 17:45-ի սահմաններում: Փրկարար վարչության Շիրակի մարզային ծառայության ղեկավար Մարատ Սարիբեկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ հրշեջ-փրկարարական մի քանի խմբեր են ուղարկվել Գյումրիի հրապարակ, ուր հրդեհվում է եկեղեցին: Առայժմ պարզ չեն պատճառները: Շրջանառվող միակ վարկածն այն է, որ մի քանի օր եկեղեցու աշխատանքները դադարեցված են եղել, և այսօր շինարարները արդեն փորձել են տեղադրել եկեղեցու մեծ գմբեթը: Ենթադրվում է, որ հրդեհը կարող է գրանցված լինել շինարարական սխալ աշխատանքի կամ պատահականության արդյունքում:

Նշենք նաև, որ Գյումրիի Ս. Ամենափրկիչը Անիի մայր տաճարի կրկնօրինակն է Գյումրիում: Եկեղեցին ավերվել էր երկրաշարժի ժամանակ, և վերակառուցումը նախաձեռնել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Գյումրիի ներկա քաղաքապետ Սամվել Բալասանյանը երդմնակալության օրը հայտարարել էր, որ ինքը ևս պատրաստ է ֆինանսներ ներդնել տեղական բյուջեից և ավարտին հասցնել եկեղեցու շինարարությունը, որին հաջորդեց Վ. Ղուկասյանի կոշտ արձագանքը Գյումրիի հեռուստաընկերություններից մեկով: Վ. Ղուկասյանը հայտարարել էր, որ ինքն է նախաձեռնել և ինքը ավարտին է հասցնելու Ս. Ամենափրկչի շինարարությունը:

Ֆոտոշարքը դեպքի վայրից կարող եք դիտել «Գալա»-ի կայքում: