Մաքսային միությունը ձեռնտու է ուրան և գազ ներկրելու առումով

Արմեն Մովսիսյան. «Երևանը պետք է ընտրի հեռանկարային և ճիշտ արտաքին քաղաքական վեկտորը և այդ հարթությունում գտնի իր խնդիրների լուծումը»:

Ռուսական «Ռեգնում» գործակալության հետ զրույցում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, խոսելով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին, ասել է. «Հայտարարությունները, որ Ռուսաստանը մեզ առաջարկել է մտնել Մաքսային միություն՝ էժան գազի դիմաց, ճիշտ չեն: Ես նման բան չգիտեմ, չեմ լսել և ինձ չեն առաջարկել: Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում՝ մտնել Մաքսային միություն, թե ոչ»:

Շարունակելով՝ Մովսիսյանը հարցադրում է արել՝ թե որքանով է դա ձեռնտու: «Իմ կարծիքով՝ համաշխարհային իրադարձություններն այնպես են զարգանում, որ փոքր պետությունները բարդ իրավիճակում են հայտնվել: Հայաստանը դրանցից մեկն է: Երևանը պետք է ընտրի հեռանկարային և ճիշտ արտաքին քաղաքական վեկտորը և այդ հարթությունում գտնի իր խնդիրների լուծումը: Հարցը, թե որքանով է Հայաստանին ձեռնտու մտնել Մաքսային միություն: Պետք է պարզապես վերցնել տվյալները և ուսումնասիրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները, որքանով են մեր ապրանքները մրցունակ այլ շուկաներում, և ուրիշ ո՛ր երկրների հետ մենք ունենք Ռուսաստանի հետ համադրելի ապրանքաշրջանառություն: Արդյունքում մենք կտեսնենք, որ այդ ձևաչափը բավականաչափ առավելություն է տալիս: Մյուս կողմից՝ կարելի է գնահատել նաև այդ ձևաչափի բացասական կողմերը և դրանից հետո պատասխանել հարցին՝ ի՞նչ անել: Իմ կարծիքով՝ Մաքսային միությունը ձեռնտու է այն առումով, որ Ռուսաստանից մենք ներկրում ենք միջուկային վառելիք և գազ»:

Մովսիսյանը նշել է, որ Մաքսային միությանն անդամակցելու առումով Հայաստանը մեծ խնդիր ունի՝ ընդհանուր սահմանի բացակայությունը, և միայն ցանկությունը քիչ է:

Մեկնաբանել