Մենք չենք արել ՌԴ-ի դեմ քայլ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի. Ս.Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին. այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այն հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում ինտեգրացիոն գործընթացներին, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ. «Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ:

Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որն ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի:

Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք, և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»:

Սերժ Սարգսյանին ուղղված հաջորդ հարցը վերաբերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին միջազգային աջակցության կարևորությանը և հեռանկարին՝ հատկապես այժմ, երբ Հայաստանը, ցածր եկամուտներով պետությունների շարքից տեղափոխվելով միջին եկամուտներով պետությունների շարքը, կորցրել է միջազգային դոնորական հանրության աջակցության զգալի մասը:

Պատասխանելով այդ հարցին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն օժանդակության կարիք ունի՝ և՛ տեխնիկական, և՛ նյութական, փորձի փոխանակման և այլն ու ակնկալում է այդ օժանդակությունը: Սերժ Սարգսյանը խոսել է մաքսային և հարկային համակարգերում ձեռնարկված լայնամասշտաբ բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման մասին՝ ընդգծելով, որ առանց էական ներդրումների անհնար է իրականացնել այդ բոլոր բարեփոխումները:

Նախագահն անդրադարձել է նաև 2014թ. հունվարի 1-ից մեկնարկելիք լայնամասշտաբ այն ծրագրին, որը ենթադրում է պետական բյուջեից վարձատրվող պաշտոնատար անձանց, ծառայողների և ընդհանրապես բոլոր վարձատրվողների համար մրցունակ աշխատավարձերի ապահովում: Ընդգծելով, որ վերոնշյալ բարեփոխումների իրագործման հիմնական ծանրությունը, բնականաբար, պետք է լինի Հայաստանի իշխանությունների վրա, Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է ներդրումները և օժանդակությունն այդ գործընթացին:

Մեկնաբանել