Բողոքի ակցիա. Հայաստանն առանց խոշտանգումների

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունները հունիսի 26-ին` ՄԱԿ-ի հռչակած Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, բողոքի ակցիա են կազմակերպել ոստիկանության շենքի դիմաց:

Ակցիայի մոտ 15 մասնակիցները պարզել են պաստառներ հետևյալ գրություններով` «Ծեծող ոստիկանը տկարամիտ է, մսագործ», «Խոշտանգող ոստիկանների զոհ Լևոն Գուլյան, 31 տարեկան, 2007թ.», «Բացահայտեք և պատժեք խոշտանգողներին», «Խոշտանգող ոստիկանների զոհ Վահե Խալաթյան, 24 տարեկան, 2010թ.»: Նրանք կրում են վարդագույն շապիկներ, իսկ մեջքին գրված է` Հայաստանն առանց խոշտանգումների:

Ոստիկանության ներկայացուցիչները արգելեցին սակայն ակտիվիստներին մոտենալ շենքին` պատճառաբանելով, որ այն ռեժիմային հաստատություն է: Շուրջ 20 րոպե բանակցելուց հետո ակցիայի երկու մասնակիցներին թույլատրեցին խոշտանգումների կանխարգելմանն ուղղված առաջարկությունները հանձնել ոստիկանության համապատասխան ներկայացուցիչներին: Ակցիայի մյուս մասնակիցներին հորդորեցին ակցիան անցկացնել դիմացի մայթին:

Ակտիվիստները բողոքի ակցիան կշարունակեն 11:45-ին` Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և 12:30-ին` ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: Միջոցառման նպատակն է բարձրաձայնել համակարգում խոշտանգումներ կիրառողներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումների զոհերի աջակցման անհրաժեշտության մասին: Ժամը 18:30-ին Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փող. հատման տարածքում տեղի կունենա «Խոշտանգումը հանցագործություն է» ֆլեշ մոբ ակցիա, որի նպատակն է գրավել հանրային ուշադրությունն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների կիրառմանը:

Մեկնաբանել