Առաջիկա տարում ՀՅԴ-ն կզբաղվի ներքին բարեփոխումներով. Աղվան Վարդանյան

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում շատ քիչ է եղել նման մեծ ներքին լարվածություն, թեև թվում է` հետընտրական ցիկլն ավարտվել է, և քաղաքական ակտիվ պրոցեսները դադարել են. հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` նշելով, որ երկրում տիրում է «բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ, ազգային պետական արժեքների նահանջ և արտագաղթի տրամադրություն»:

«Այս փուլում կառարավարության կամ իշխող մեծամասնության ներսում ակնհայտ են որոշակի պրոցեսներ, Վերահսկիչ պալատ-կառավարություն հակասություն, խախտումներ մարզերում, օֆշորային սկանդալներ, ԵվրԱզԷՍ-ԵՄ հարց… Դժվար ժամանակներ ենք ապրում»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Անդրադառնալով այս փուլում Դաշնակցության գործունեությանը` նա նշեց, որ ներկայում կուսակցությունն ակտիվ ներքին քննարկումների մեջ է` վերաիմաստավորելու վերջին տարիների գործունեությունն ու բացթողումները:

«Մենք դեռ չենք կարողացել հասարակության լայն շերտերին վստահություն, հավատ ներշնչել, որ մեր կողքին կանգնեն: Կարծում եմ, որ առաջիկա տարում կզբաղվենք ներքին բարեփոխումներով և կփորձենք վերականգնել վստահությունը»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով այս փուլում իշխանության գործունեությանը` ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ այն մակերերսային է, և իշխանությունները անգամ կդժվարանան պատասխանել այդ հարցին:

«Ակնհայտ է, որ իշխանության ներսում տարակարծություններ են ծագել, և պարզ չէ, թե սա ուր կհասնի: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքական համակարգը գերկորպորացված է, և բոլորը սպասում են նախագահի խոսքին, թե ինչ կասի նա այս պաշտոնյանի և կամ մյուսի մասին»,- ասաց ՀՅԴ անդամը` նշելով, որ «այս հակամարտությունը շատ ջուր է քաշելու»:

Վարդանյանը նշեց, որ իբրև քաղաքացի ինքը կուզենար, որ գոնե աշնան սկզբին հանրապետության նախագահը ուղերձով դիմեր ժողովրդին: Ըստ նրա` թե´ ներքին հարցերը, թե´ արտաքին մարտահրավերներն այնքան են հասունացել, որ ելույթի անհրաժեշտություն կա:

«Դա իրենց որոշելիքն է, բայց պետք է տրվեն այս փուլի ուղենիշները, զարգացման հնարավորությունները, և հստակ խաղի կանոններ սահմանվեն»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը` կարևորելով երկրի ղեկավարության կողմից համընդհանուր գնահատականի անհրաժեշտությունը:

Մեկնաբանել