Բիզնես՝ ռուսական ձևով

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ 1 մլրդ դոլարի զենք-զինամթերքի մատակարարումների ֆոնին տարօրինակ զուգադիպությամբ մեկը մյուսի հետևից Հայաստան են այցելում ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդամենը երկու օր առաջ Հայաստանում էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Այս օրերին էլ Հայաստանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Բնականաբար երկու պաշտոնյաներն էլ ստիպված էին որոշակի բացատրություն ներկայացնել, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զինում է Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ռազմական մեքենան:

Ռուսական կողմի բացատրությունները մեղմ ասած տարակուսանք են առաջացնում: Նախ՝ Պատրուշևը Գյումրիում «առևտրային հարաբերություն» որակեց Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը, ապա Բորդյուժան դա անվանեց «բիզնես»: «Ռուսաստանը զենքերի խոշորագույն արտադրողներից ու մատակարարներից է: Ռուսաստանի Դաշնությունը զենք է վաճառում աշխարհի տասնյակ պետությունների, այդ թվում` ՀԱՊԿ-ին չանդամակցող երկրների: Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան և տնտեսությունը: Այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներին զենքի վաճառքի դեպքում (դուք հարցնում եք Ադրբեջանի մասին), որոշման հիմքում նախևառաջ դրվում է ուժերի հավասարակշռության պահպանումը Կովկասում: Եվ գլխավոր սկզբունքն է հաշվի առնվել ձեր հարևան Ադրբեջանին զենքի վաճառքի ժամանակ»,- ասել է Բորդյուժան:

Թե հավասարակշռության պահպանման ինչ սկզբունքների մասին է խոսքը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը չի մանրամասնում: Սակայն առավել քան տարօրինակ է առևտրային և բիզնես նպատակներով Ադրբեջանին զենքի վաճառքը արդարացնելու համար: Նույն առևտրային և բիզնես շահերից ելնելով, օրինակ՝ կարել է ՆԱՏՕ-ին Հայաստանի տարածքում ռազմակայաններ տեղադրելու հնարավորություն տալ: Կարելի է պնդել, որ այդ դեպքում, ի տարբերություն ռուսների, ՆԱՏՕ-ն բավական լավ կվճարի Հայաստանին այդ ռազմաբազաների դիմաց: Միջպետական ռազմավարական հարաբերությունների մեջ առևտրային շահերի դոմինանտությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, եթե իհարկե ՀՀ իշխանությունները համարձակություն ունենան ռուսական կողմին համարժեք պատասխան տալու:

Սակայն ՀՀ իշխանությունները չունեն այդպիսի համարձակություն և հնարավորություն, քանի որ բազմաթիվ տեսանելի և անտեսանելի թելերով կախված են Ռուսաստանից: Իսկ Մոսկվան էլ այդ հանգամանքը լավագույնս օգտագործում է Հայաստանի դեմ: