Լավրովն ու Դավութօղլուն քննարկել են Սիրիայի խնդիրը

Հունիսի 26-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ահմեդ Դավութօղլուի միջև, հաղորդում է Anadolu գործակալությունը: Վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները` գործակալությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը ռուսական կողմինն էր:

Արտգործնախարարների քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայի խնդիրը: Լավրովը տեղեկացրել է Դավութօղլուին սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային համաժողովի` Ժնև-2-ի նախապատրաստական աշխատանքների մասին:

Դավութօղլուն էլ ներկայացրել է իր տպավորությունները Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի աշխատանքների վերաբերյալ: Արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները Սիրիայի հարցում լուծում գտնելու համար:

Լավրովն ու Դավութօղլուն պայմանավորվել են նաև հանդիպել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Բրունեյում:

Մեկնաբանել