Միջին օղակի չինովնիկները մարդկանց ուղղորդում են կառավարություն` միտինգ անելու. վարչապետ

Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիաները հիմնականում պայմանավորված են նրանով, որ գերատեսչությունների միջին օղակի պատասխանատուները, հանդիպելով քաղաքացիների հետ և լսելով նրանց խնդիրները, պատասխանում են, թե այդ հարցերի լուծման համար անհրաժեշտ է կառավարության որոշումը. հունիսի 27-ին կառավարության նիստին այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Միջին օղակի չինովնիկները մարդկանց ուղղորդում են դեպի կառավարություն, որ գան` միտինգ անեն` փոխարենը տալու պարզաբանում»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ նման գործելաոճն անթույլատրելի է:

Վարչապետը նշեց, որ իր անունով ներկայացված բոլոր դիմում-բողոքներն ուղղվել են նախարարություններին և գերատեսչությունների ղեկավարներին` սպառիչ պատասխաններ տալու նպատակով:

Տիգրան Սարգսյանը նիստին անդրադարձավ նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում դասախոսությունների վրա ծախսված 14 մլն դոլարին: Ըստ նրա` գործադիրն ամբողջությամբ պատասխանել է բարձրացված հարցերին, սակայն խնդիրը կրկին շահարկվում է: Վարչապետը տեղեկացրեց, որ «քաղաքական սպեկուլյացիաներին վերջ տալու նպատակով» լրատվամիջոցներին կրկին կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն այդ գումարների ծախսման վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանն ասաց նաև, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին հանձնարարվել է կազմել նախարարությունների և գերատեսչություների ղեկավարների` լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակացույցը, որպեսզի պատասխաններ տրվեն Վերահսկիչ պալատի բարձրացրած բոլոր հարցերին:

Վարչապետն անդրադարձավ նաև մամուլում շահարկվող «Նաիրիտ» գործարանի թեմային և նշեց, որ լրատվամիջոցներին կտրվի ամբողջական պատասխան «Նաիրիտի» մասնավորեցման գործընթացի վերաբերյալ:

Մեկնաբանել