Ֆինանսական հաջորդ ճգնաժամը կսկսվի Չինաստանի՞ց․ Die Presse

«Անցյալ շաբաթ ամբողջ աշխարհի ներդրողները սկսեցին մտավախություն հայտնել ֆինանսական նոր ճգնաժամի նախանշանների ի հայտ գալու կապակցությամբ։ Եվ այդ ճգնաժամի ակունքները կարող են լինել Չինաստանում,- գրում է ավստրիական Die Presse պարբերականը։ – Reuters գործակալությունը մեջբերում է փորձագետներին, որոնց կարծիքով Չինաստանում նկատվում են այն նույն ախտանշանները, որ առկա էին ԱՄՆ-ում ու Եվրոպայում համապատասխան ֆինանսական ճգնաժամերից առաջ՝ ֆինանսական հատվածի հսկայական պարտք, անշարժ գույքի շուկայում «պղպջակի» ձևավորման միտում և տնտեսական աճի անկում»։

«Անցյալ շաբաթ արժութային շուկաներում խուճապ առաջացրեց Չինաստանի Կենտրոնական բանկը,- պարզաբանում է պարբերականի թղթակից Քրիստիան Հյոլերը։ – Այն հրաժարվեց ապահովել փողերի հոսքը շուկա։ Արդյունքում չինական ֆինանսական կոնցեռնները փորձեցին վարկեր ստանալ այլ բանկերում։ Սակայն սա չաշխատեց․ կարճաժամկետ փոխառությունների տոկոսադրույքներն աճեցին մինչև 25%»։

«Կոմունիստ իշխանապետների» միջամտությունից հետո իրադրությունը կարգավորվեց․ խնդրահարույց վարկային կազմակերպություններին տրվեցին աջակցության երաշխիքներ, էմիսիոն բանկը կարծես թե ֆինանսական հատված ներմղեց մի քանի միլիարդ յուան, վարկային տոկոսադրույքներն իջան 6%-ից ցածր։

«Սակայն իրական խնդիրներն այս միջոցառումներով չլուծվեցին,- նշում է Հյոլերը։ – Կոմունիստական վարչակարգը վաղ, թե ուշ ստիպված կլինի ինչ-որ բան անել՝ վարկային «պղպջակի» հետագա աճը կանխելու համար․․․ Շատ հաստատություններ նստած են անհուսալի պարտքերի լեռան վրա։ Անգամ եթե պեկինյան իշխանություններին հաջողվի զգուշավոր բարեբոխումների միջոցով կանխել ֆինանսական ճգնաժամը, գալիք տարիները Չինաստանի համար հեշտ չեն լինի։ Չինական տնտեսությունն այլևս չի աճի այնպես ուժեղ, ինչպես նախկինում»։