ԱՄՆ-ի Սենատը կողմ է քվեարկել ներգաղթային բարեփոխմանը

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել ներգաղթային բարեփոխման՝ վեճերի առիթ հանդիսացած օրինագծին, որը կարգավիճակն օրինականացնելու և ապագայում Միացյալ Նահանգների քաղաքացիության հավակնելու հնարավորություն է նախատեսում մոտ 11 մլն անօրինական ներգաղթյալների համար, հաղորդում է BBC-ն։

Օրինագծին կողմ է քվեարկել 68 սենատոր, դեմ՝ 32-ը։ Նրա ընդունմանը նախորդել էին մի քանի ամիս տևած բուռն բանավեճերը և Մեքսիկայի հետ սահմանի ամրապնդման միջոցառումների ու վիզաների տրամադրման համակարգի արդիականացման համար $46 մլրդ հատկացնելու որոշումը։

Սենատում քվեարկությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «էապես մոտեցել է իր ներգաղթային համակարգի թերությունները մեկընդմիշտ ուղղելուն»։

«Այսօր Սենատն արեց իր գործը,- ասել է Օբաման։ – Այժմ խոսքը Ներկայացուցիչների պալատինն է»։

Սակայն ակնկալվում է, որ Կոնգրեսի ստորին պալատում (որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները) ներգաղթային բարեփոխման նախագիծը կբախվի դժվարությունների։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներն արդեն հասկացրել է, որ չի աջակցի օրինագծին, որը դիմակայության է հանդիպում իր հանրապետական գործընկերների մեծամասնության շրջանում։

Օրինական ճանապարհ դեպի քաղաքացիություն

Ներգաղթային բարեփոխումը նախատեսում է, որ $500-ի դիմաց անօրինական ներգաթյալները կկարողանան վեց տարի ժամկետով ստանալ «գրանցված ներգաղթյալի ժամանակավոր կարգավիճակ»՝ հետագա երկարաձգման իրավունքով։

Երկում այդ կարգավիճակով տասը տարի ապրելուց հետո ներգաղթյալները կկարողանան ստանալ «գրին քարտ»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունք, իսկ ևս երեք տարի անց նրանք կկարողանան դիմել քաղաքացիություն ստանալու համար։

Նախատեսվող այս միջոցառումները կտարածվեն անօրինական այն ներգաղթյալների վրա, որոնք Միացյալ Նահանգներ են ժամանել մինչև 2011թ․ դեկտեմբերի 31-ը և մինչ այդ շարունակաբար գտնվել են ԱՄՆ-ում, ինչպես նաև չունեն դատվածություն ծանր հանցագործությունների համար։

Մինչև չափահաս դառնալը անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործած անձինք կկարողանան «գրին քարտի» հավակնել արդեն 5 տարուց։

Ընդ որում՝ օրինագիծը նախատեսում է սահմանների հսկողության ուժեղացում՝ հատկապես Մեքսիկայի հետ, որով ԱՄՆ է ներթափանցում անօրինական ներգաղթյալների հիմնական մասը։

Անօրինական ներգաղթյալների խրախուսում

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ Կոնգրեսի ստորին պալատը կպատրաստի ներգաղթային բարեփոխման իր նախագիծը, որը «կարտացոլի պալատի անդամների մեծամասնության և ամերիկացի ժողովրդի կամքը»։

Հանրապետականներն արդեն խոսել են ներգաղթի նկատմամբ վերահսկողության ավելի խիստ միջոցառումներ սահմանելու անհրաժեշտության մասին և քննադատել են առաջարկվող օրինագիծը՝ նշելով, որ այն խրախուսում է անօրինական ներգաղթը։

Սակայն վերլուծաբանները կանխատեսում են, որ հանրապետականները կվախենան «խորտակել» ներգաղթային բարեփոխումը, քանի որ չեն ցանկանա զրկվել լատինաամերիկյան համայնքի ձայներից։