Վարչապետը Գործատուների միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամներին: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները:

Առաջին հարցով կառավարությանն առաջարկվել է ընդունել որոշում, որով կսահմանվի կազմակերպություններին արդյունաբերական յուղերի ակցիզի հետվերադարձման կարգը: Տեղեկացվել է, որ էկոնոմիկայի նախարարությունն համապատասխան նախագիծն արդեն իսկ մշակել և ներկայացրել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նախագիծը բերել վերջնական տեսքի և ներկայացնել գործադիրի հաստատմանը:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի բարձրացրած խնդրին: Վերջիններս խնդրանքով դիմել են կառավարությանը, որպեսզի ոլորտում պատրաստի արտադրանքի հարկման բազան որոշելու ընթացքում այսուհետ հաշվի չառնվի հումքի (ոսկի, արծաթ, ադամանդ) գինը: Զեկուցվել է, որ հարցը քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությունում և դեռևս գտնվում է շրջանառության մեջ:

Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ վարչապետը և հանդիպմանը ներկա կառավարության անդամները հավանություն են տվել տեղական արտադրողների և մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունների առաքող ավտոմեքենաներում քանակա-գումարային ինֆորմացիայով ՀԴՄ-ների տեղադրման առաջարկին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է այդ հարցում: Ակնկալվում է, որ նշված ՀԴՄ-ների տեղադրումը հնարավորություն կտա ընկերություններին հիմնավորել իրացման ծավալները, ներկայացնել իրացվող ապրանքների գներն ու քանակը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամները հանդես են եկել «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու առաջարկություններով: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ ուսումնասիրել առաջարկներն ու ներկայացնել համապատասխան եզրակացություն:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թեթև արդյունաբերությանը և տեղական արտադրության ոլորտում էներգախնայող համակարգերի ներդրման հնարավորությանն առնչվող հարցերի:

Մեկնաբանել