Ս.Կարապետյանը հանդիպել է Վայոց Ձորի խաղողագործներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր. տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից: Նախարարը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Ելփին, Ռինդ, Աղավնաձոր, Ազատեկ համայնքներ`անձամբ դիտարկելու խաղողի և պտղատու այգիները, ինչպես նաև հացահատիկային ցանքատարածությունները: Սերգո Կարապետյանի գնահատմամբ`մարզի նախորդ տարվա ցուցանիշները ոչ միայն չեն նվազի, այլև առանձին համայնքներում աճի միտումներ կարձանագրվեն, իսկ Ռինդ գյուղում`անգամ կկրկնապատկվեն:

Գյուղատնտեսության ոլորտում ներդրված պետական ծրագրերը` մատչելի գներով տրամադրված սերմերը, դիզվառելիքն ու պարարտանյութը, ինչպես նաև մթերումների ժամանակ գյուղատնտեսության նախարարության գործուն աջակցությունը, հիմք էր տվել հողօգտագործողներին ավելացնել ցանքերը, հիմնել խաղողի և պտղատու նոր այգիներ:

«Այս դիտարկումներն ինձ համար յուրօրինակ աշխատանքային ուղեցույց կլինեն»,- ասել է նախարարը Աղավնաձոր համայնքում կազմակերպված խաղողագործների հետ հանդիպմանը և հորդորել է նրանց անկաշկանդ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին:

Խաղողագործներն անմիջապես նախարարից էին ցանկանում ստանալ երաշխիքներ, որ իրենց խաղողը ժամանակին և ըստ պատշաճի կմթերվի և առանձնակի հոգատարություն էին ակնկալում պետությունից, որպեսզի չնվազի խաղողի հազվագյուտ նմուշ Արենի տեսակը:

Նախարարը պատասխանել է բարձրացված հարցերին, հավաստիացրել, որ բերքը կմթերվի ամբողջությամբ ու ճիշտ ժամանակին, և չնայած խաղողագործների պնդումներին՝ ձեռնպահ է մնացել խաղողի մթերման հստակ գներ հրապարակելուց՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ այդ գները որոշում է շուկան՝ առաջարկ-պահանջարկի հիման վրա: Սերգո Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկա երկու օրերին մարզում կմեկնարկի ծիրանի մթերումը և ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես մթերումը կսկսի «Արարատ» սննդի կոմբինատը: Աղավնաձորցիները շնորհակալություն են հայտնել նախարարից մթերման սեզոնին ընդառաջ կազմակեպված հանդիպման համար և հրապարակեցին իրենց համայնքի ավագանու որոշումը` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին շնորհել համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: Նախարարի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցն ամփոփվել է մարզպետարանում:

Մեկնաբանել