«Արամե» պատկերասրահի տասնամյա հոբելյանը

Ասում են՝ Փարիզում ավելի շատ պատկերասրահ կա, քան հացաբուլկեղենի կրպակ։ Միգուցե չափազանցություն է, սակայն շատ մոտ իսկությանը։ Նույնը՝ Նյու Յորքում, որտեղ ամբողջական թաղամասեր կան (օրինակ՝ Soho-ն)՝ լեցուն տարբեր ոճի ու ուղղության արվեստի սրահներով: Այդտեղ ելումուտ են անում գեղարվեստի սիրահարները, ծանոթանում ամերիկյան ու համաշխարհային մշակույթի զարգացման ընթացքին և այդ ընթացքը պայմանավորող արվեստագետների ստեղծագործություններին, գնումներ կատարում՝ հարստացնելով իրենց գեղարվեստական հավաքածուն։ Իսկ մեզ մո՞տ…

Անկախությանը հաջորդած առաջին տարիներին՝ 90-ականների կեսերին, Երևանում մի քանի մասնավոր պատկերասրահ բացվեց, որոնք, չդիմանալով ժամանակի փորձությանը, փակվեցին։ Դրանց ավելի ուշ փոխարինելու եկան նորերը՝ աշխատանքի նոր սկզբունքներով և ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Բոլոր դեպքերում, այսօր Երևանում մատների վրա կարելի է հաշվել արվեստի սրահների թիվը։ Ավելին՝ մեզանում չկա մասնավոր ձեռնարկատիրության մեկ այլ ոլորտ, որը ներկայացված լինի ընդամենը 7-8 միավորով։

Ու այդ քչերի մեջ իր ծավալած գործունեությամբ և երևան բերած արդյունքներով առանձնանում է «Արամե» պատկերասրահը, որի ստեղծման տասնամյակը նշվեց վերջերս։ Հիմնադիրը Արամ Սարգսյանն է, որն ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, ապա աշխատել Գիտությունների ազգային ակադեմիայում որպես Պատմության և տնտեսագիտության բաժանմունքի գիտքարտուղար, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ, «Հայկական հանրագիտարանի» գլխավոր խմբագրի տեղակալ։

«Արվեստի հանդեպ սերս խորացավ Սփյուռքի կոմիտեում աշխատելու տարիներին,– պատմում է նա։- Ի պաշտոնե կազմակերպում էի մշակութային միջոցառումներ, հայ նկարիչների անհատական ու խմբակային ցուցահանդեսներ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում։ Այդ ժամանակ էլ ուսումնասիրեցի արտերկրի մասնավոր գալերեաների աշխատանքի փորձը»։

Վերջինս, անշուշտ, շատ է օգնել հիմնադիր-տնօրենին այս նոր ոլորտում քայլեր ձեռնարկելիս։ Սկզբում նույնիսկ մոտ ընկերները չեն հավատացել նրա մտադրությանը, խենթություն են համարել արածը: Սակայն ամուր սերն ու աներեր հավատը սկսած գործի հանդեպ, բարեբախտաբար, պսակվել են հաջողությամբ։

2003թ. Ամիրյան-13 հասցեում հիմնադրելով «Արամե» պատկերասրահը՝ Արամ Սարգսյանն իր գործունեության հիմքում մի քանի սկզբունք էր դրել: Նախ՝ կազմավորել նկարիչների ուժեղ թիմ: «Գաղտնիք չէ, որ մասնավոր պատկերասրահի կենսունակության և արդյունավետ գործունեության գլխավոր նախապայմանը գեղանկարիչների ուժեղ և մնայուն կազմ ձևավորելն է, նրանց հետ երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցելը»,– ասում է նա։

Իրոք, տպավորիչ է այն արվեստագետների ցանկը, որոնք ցուցադրում ու վաճառում են իրենց ստեղծագործությունները «Արամեում»։ Նրանց մեջ են անուն ու ճանաչում ունեցող այնպիսի նկարիչներ ու քանդակագործներ, որպիսիք են Ժանսեմը, Ռոբերտ Էլիբեկյանը, Էմիլ Գազազը, Ռուբեն Աբովյանը, միջին սերնդի ներկայացուցիչներ Ռուբեն Գրիգորյանը,

Սարգիս Համալբաշյանը, Տարոն Մուրադյանը, Կայծ Վանիկյանը, Գագիկ Ղազանչյանը, Շոթա Ոսկանյանը, ավելի երիտասարդներից՝ Լիլիթ Սողոմոնյանը, Տիգրան Բարխանաջյանը, էլի ուրիշներ: Գերակշռող գեղարվեստական ուղղությունը ֆիգուրատիվ արվեստն է և աբստրակցիոնիզմը։

Արամ Սարգսյանը միաժամանակ փորձում է բացահայտել նոր, երիտասարդ նկարիչների անուններ, կանաչ ճանապարհ հարթել նրանց համար (Արթուր Հովհաննիսյան, Աշոտ Յան, Ռաֆայել Մելիքյան, Ավետիս Խաչատրյան, Մարգարիտա Մատուլյան և այլն)։ «Արամեում» այս արվեստագետների անհատական ու խմբակային ցուցահանդեսներ կազմակերպելը ոչ միայն նպաստում է նրանց հասարակական ճանաչմանը, այլև ավելացնում հանրային հետաքրքրությունն ընդհանրապես կերպարվեստի նկատմամբ։ Որքան էլ վերջինս արդի հայ արվեստի առաջատար տեսակն է, միևնույն է, այն քարոզել ու հանրայնացնել է պետք։ Դրան է կոչված խթանելու նաև ուղիղ մեկ տարի առաջ Մաշտոցի 33/1 հասցեում բացված պատկերասրահի նոր մասնաճյուղը։ Լինելով այստեղ՝ կարող ես պարզորոշ պատկերացում կազմել մերօրյա հայ կերպարվեստի, նրա զարգացման միտումների և հեռանկարների մասին։

«Արամեն» անցած տասը տարիներին նաև հրատարակչական լայն գործունեություն է ծավալել՝ տպագրելով պոլիգրաֆիական բարձր որակի զանազան պատկերագրքեր ու ալբոմներ։ Այդ ամենի արդյունքում հարկ է նշել, որ արդեն հաջողվել է արդի հայ կերպարվեստի ոլորտում գեղագիտական պատշաճ ճաշակ ձևավորել, գնահատման ու արժևորման նոր նշաձողեր հաստատել։

Անչափ կարևոր եմ համարում նաև Հայաստանում ծնված և հայաստանաբնակ մեր տաղանդավոր նկարիչներին միջազգային ասպարեզ հանելու «Արամեի» առաքելությունը։ Վկայությունը ամենամյա մասնակցություններն են Նյու Յորքում և համաշխարհային արվեստի այլ կենտրոններում կազմակերպվող հեղինակավոր ArtExpo-ներին։

Ինչ խոսք, պատկերասրահի ծավալած գործունեության ամփոփ պատկերը թերի կլիներ, եթե չխոսեինք այդտեղ պարբերաբար կազմակերպվող կերպարվեստի թեմատիկ ցուցահանդեսների մասին։ Որպես օրինակ բերենք վերջերս բացված «Ֆրանսահայ կերպարվեստ» ցուցահանդեսը, որը ներառում էր Ֆրանսիայում ապրած ու ստեղծագործածդասական ու ժամանակակից վարպետների շուրջ 60 աշխատանք (Վարդան Մախոխյան, Արսեն Շաբանյան, Էդգար Շահին, Պետրոս Կոնտուրաջյան, Գառզու, Ռիշար Ժերանյան և այլք)։

«Արամե» պատկերասրահի տասնամյա փորձի այս հակիրճ նկարագրականը գալիս է հաստատելու մի իրողություն, որ մեծ ցանկության և աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է հասնել տպավորիչ արդյունքների նաև արվեստի բարդ ու, առաջին հայացքից, անկառավարելի բնագավառում։

«Արամե» պատկերասրահի հիմնադիր-տնօրեն Արամ Սարգսյան:

Լևոն Լաճիկյան,
արվեստաբան