Լռության գինը

Սաթենիկ Դանիելյան

Արգենտինյան ռազմական խունտան երկիրն իր ճիրաներում պահեց հինգ տարի (1976-81թթ.): Այդ ընթացքում պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականությամբ երկրում քաղաքական վերնախավը տնտեսությունը տարավ քայքայման ու 40 տոկոս ամսական սղաճի պայմաններում ծնկի բերեց երկիրը: Քաղաքացիական իրավունքները զրոյացվեցին, և մարդկությանը տարիներ անց պարզ դարձավ այդ ռեժիմի գործած հանցագործությունների հրեշալիության աստիճանը անհետացածների, կտտանքների ենթարկվածների ու սպանվածների քանակով: 1981թ. ռազմական խունտան, հավանաբար նաև փորձելով ներքին ճնշումները մեղմացնելու մղումով արտաքին վեկտոր գտնել, ներխուժեց Ֆոլկլենդյան կղզիներ: Արդյունքը հայտնի է. խունտան տապալվեց, իսկ արգենտինացիները մինչ օրս խոսում են կղզիների մասին:

Բռնապետության յոթ տարիները Հունաստանում կամ էլ «Գնդապետական ռեժիմը» (1967-1974թթ.) Սառը պատերազմի պայմաններում փորձում էր չեզոքացնել ձախակողմյան, այսպես կոչված՝ կոմունիստական նկրտումները այդ երկրում: Այս դեպքում Հունաստանում նկատվեց տնտեսական աճ և գործազրկության բացակայություն, բայց քաղաքացիական իրավունքները զրոյացվեցին մտքի ու մամուլի ազատության սահմանափակման արդյունքում: Հազարավոր մարդիկ ենթարկվեցին կտտանքների ու սպանվեցին: 1974թ. հուլիսին Թուրքիան, օգտագործելով Կիպրոսի հույների ու թուրքերի միջև առկա լարված հարաբերությունները, գրավեց կղզու հյուսիսային հատվածը: Արդյունքը հայտնի է. խունտան տապալվեց, իսկ հույները երկար ժամանակ փորձեցին ինքնամաքրվել լռության մեղքից:

Հայաստանում 1991-ից ի վեր ազատ ընտրությունների արդյունքում ժողովուրդը չի կարողացել իրացնել իր ինքնիշխանության անպայմանական իրավունքը: Ընտրությունից ընտրություն կատարելագործվել են կեղծարարության մեխանիզմները՝ ավելի մեծ ծավալով ներգրավելով պետության օրվա ընտրված և նշանակված ներկայացուցիչներին չապացուցված հանցագործությունների շղթայում: Այս ամենում միշտ ուժով, ահաբեկմամբ ու ֆինանսական միջոցներով իշխող ռեժիմը փորձ է կատարել ժողովրդին դարձնել հանցակից ու դատապարտել ամոթալի լռության: Վերցրել ես կամ վախեցել, պիտի լռես:

Ծառայություններ մատուցած մեծ ու փոքր պաշտոնյաներն ու տեղական հեղինակությունները տիրացել են պետական լծակների ու դատական համակարգի միահեծան կառավարման պայմաններում դարձել այդ նույն խունտայի կամակատարը՝ բոլոր հանցագործությունները թողնելով չբացահայտված: Ոստիկանությունն էլ այլընտրանք չի ունեցել, քան կքվել ու ծառայել այդ փաստացի իշխանությանը: Այս ուժային կառույցը դարձել է «քրեածին փաստացի իշխանության» կամքի աներկբա կատարածուն: Վերջին տարվա ընթացքում, սակայն, արդեն երկու անգամ «խունտայի» ներկայացուցիչները հարվածել են երկրի մյուս ուժային կառույցին՝ սպանելով բանակի երկու սպայի: Մեկի դեպքում դատական համակարգում ծաղրի վերածված գործը, մյուսի դեպքում արդեն նախաքննության փուլում կանխամտածված ու շեղված ընթացքի մասին վկայող իրավապահների հայտարարությունները փաստում են երկու ուժային կառույցների՝ ոստիկանության ու բանակի չեզոքացման անթաքույց փորձի մասին: Քրեական խունտայի ներկայացուցիչները այս դեպքում մոռանում են, որ ի տարբերություն քաղաքացիական չզինված բնակչության, այդ երկու մարմինները ունեն զենքի հսկայական պաշար ու կրակելու կարողություն: Ռազմական հեղաշրջման հոտ է գալիս:

2015 թվական: Հայաստան: Դրամատիկական թատրոնի բեմին միջին տարիքի ամուսնացած զույգը խնջույքից վերադարձել է տուն: Վերհիշում է հյուրերից մեկի պատմությունը իշխանության զավթման տարիներին իր պայքարի ու ազատազրկման մասին: Կինն ասում է ամուսնուն. «Միայն մենք ոչինչ չասացինք, ոչ մի բան, անգամ մի աննշան անհնազանդություն չենք ցուցաբերել»: Իսկ ամուսինն ապշած հայացքը չհեռացնելով կնոջ աչքերից՝ ասաց. «Դու կտրեցիր քո մազերը»: Վարագույրն իջավ: Հանդիսատեսը դեռ երկար լռեց ու մնաց նստած: Աներևակայելի բան հայ անհամբեր մարդու համար: Տեսնես Ղարաբաղն ի՞նչ եղավ: