ԱԳ փոխնախարարն ընդունել է Նիգերիայի նորանշանակ դեսպանին

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն ընդունել է Նիգերիայի նորանշանակ դեսպան Ալհաջի Տուկուր Մանիին (նստավայրը՝ Թեհրան)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ. հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Սերգեյ Մանասարյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի հայ-նիգերիական հարաբերությունների զարգացմանը: ԱԳ փոխնախարարը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկայի առաջատար պետությունների, այդ թվում Նիգերիայի հետ հարաբերությունների զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մանին նշել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև փոխգործակցությունն ամրապնդելու համար: Նա նաև նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ կան, որոնց շուրջ հնարավոր է արդյունավետ փոխգործակցություն հաստատել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական շփումների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման և մի շարք այլ ոլորտների հետ կապված հարցեր:

Մեկնաբանել