Տապալվեց հավակնոտ ծրագիր

2010թ. փետրվարին կառավարությունը հաստատել էր մի փաստաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման 2010-2012 թթ. հայեցակարգ» անունով, ըստ որի՝ երեք տարի անց՝ 2013թ., Հայաստանի ամբողջ տարածքում պետք է կառուցված լիներ 100 Մբ/վ թողունակությամբ լայնաշերտ ցանց, և այդ ցանցով Հայաստանը փաստացի լինելու էր աշխարհում առաջին պետությունը: Երեք տարի անց կարելի է փաստել, որ կառավարության այս ծրագիրը ոչ միայն ուշացած է, այլև ժամանակավրեպ:

2011-2012 թթ. կառավարությունը բանակցել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների, այդ թվում՝ շվեդական Ericsson-ի հետ, և վերջինս պատրաստակամություն էր հայտնել ցանցի կառուցման համար ներդնել $70 մլն։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչությունում ՍիվիլՆեթի հարցին, թե ո՞ր փուլում է գտնվում լայնաշերտ ցանցի կառուցումը, և արդյոք դրան մասնակցո՞ւմ է Ericsson-ը, հետևյալ պատասխանը տվեցին. «Ազգային լայնաշերտ ցանցի ստեղծման ծրագրի իրականացման ուղղությամբ կառավարությունը բանակցություններ է վարել հեռահաղորդակցության ոլորտի տեղական և մասնավոր մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Ericsson ընկերության հետ:

Սակայն հաշվի առնելով ոլորտի զարգացումները, ինչպես նաև այն, որ ոլորտում գործող մասնավոր կազմակերպությունները («ԱրմենՏել», GNC Alfa, Ucom, «Ղ-Տելեկոմ», «Օրանժ Արմենիա» և այլն) ՀՀ գրեթե ամբողջ տարածքում ապահովում են ինտերնետ հասանելիություն՝ կառավարության կողմից որոշում է կայացվել Հայաստանում ինտերնետային ցանցի հետագա զարգացման ծրագրերն իրականացնել մասնավոր հատվածի կողմից ներդրումների իրականացման ճանապարհով՝ առանց պետության միջամտության»:
Ի սկզբանե մասնավոր ընկերություններն առանձնապես չէին ողջունել պետության մասնակցությամբ ստեղծվելիք ցանցի գաղափարը, քանի որ դրա օգտագործման կառուցման հետ կապված հարցերն ավելի շատ էին, քան պատասխանները: Բայց էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանն այլ կարծիքի էր, և նրա օրոք մշակվել էր «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման 2010-2012 թթ. հայեցակարգը»։

Համաշխարհային բանկը 2010թ. վերջին հաստատեց և 2011թ. փետրվարին կառավարության հետ ստորագրեց $24 մլն-ի վարկային համաձայնագիր՝ «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն՝ հանուն մրցունակության», որով լայնաշերտ ցանցի համար նախատեսվում էր $7,8 մլն։ Թեև ըստ էության ցանցի նախագծման և նախապատրաստական աշխատանքների համար միջոցներ կային, կառավարությունն այդպես էլ չէր շտապում դրանք ծախսել, և 2012թ. վերջին նույնիսկ դիմել էր Համաշխարհային բանկին՝ «Ազգային լայնաշերտ ինտերնետային հիմնացանց և կառավարական ցանց» բաղադրիչի միջոցները վերաբաշխելու խնդրանքով։ Սա այն դեպքում, երբ ըստ կառավարության հաստատած ռազմավարության՝ անցած տարի արդեն Հայաստանի ամբողջ տարածքում, ներառյալ՝ գյուղական վայրերում, պետք է անցկացված լիներ 100 Մբ/վ թողունակությամբ «հաջորդ սերնդի լայնաշերտ ցանց»։ Ցանցի հիմնական հանգույցներից քաղաքացիների տներ և բնակարաններ կապը պետք է ընդլայնվեր հիբրիդ ձևով (WiMax, օպտիկամանրաթելային և այլն)՝ միջին ժամկետում ապահովելով օպտիկամանրաթելային ցանցի հասանելիությունը դեպի տուն։

Ոչ իրատեսական՝ սկզբից ևեթ
Ամբողջ հանրապետությունում 100 Մբ/վ թողունակությամբ ցանցը սկզբից ևեթ ոչ իրատեսական գաղափար էր, եթե հաշվի առնենք համաշխարհային պրակտիկան։ Խնդիրն այն է, որ զարգացած հեռահաղորդակցություն ունեցող երկրներում 100 Մբ/վ թողունակություն ունեցող համընդհանուր ցանց չկա: Օրինակ՝ 2008թ. դեկտեմբերին Ֆինլանդիայում կառավարությունը հրապարակել էր պարտավորագիր, որտեղ նշվում էր, որ մինչև 2010թ. 1 Մբ/վ թողունակությամբ համընդհանուր ծառայությունները հասանելի կլինեն ամբողջ բնակչությանը, իսկ մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը կկառուցվի 100 Մբ/վ թողունակությամբ ցանց, որը հասանելի կլինի երկրի բնակչության ու բիզնեսի 99%-ին: Գերմանիայի պես երկրում 50 Մբ/վ ցանցը բնակչության 75%-ին հասանելի պետք է լինի 2014թ., այնինչ Հայաստանի կառավարությունը լուրջ ֆինանսական ռեսուրսների բացակայության, բնակչության ցածր գնողունակության պայմաններում 100 Մբ/վ ցանց նախատեսում էր ունենալ ընդամենը երեք տարի անց և ուզում էր փաստորեն աշխարհում լինել առաջինը։

Իհարկե, այսօր ինտերնետ հասանելիության ծառայությունների խոշոր ընկերություններ՝ «ԱրմենՏելը», GNC Alfa-ն, Ucom-ը, լուրջ ներդրումներ են կատարել մայրուղային օպտիկամանրաթելային ցանցերում և մուտք են գործում մարզեր, սակայն պետք է հաշվի առնել, որ նրանք կառուցում են իրենց սեփական ցանցերը՝ առանձին-առանձին, ինչը ֆինանսապես ավելի թանկ է։ Ընդհանուր մայրուղային ցանցի առկայությունն ընկերություններին հնարավորություն կտար տնտեսել ներդրումային միջոցները: Սակայն ընդհանուր ցանցի գաղափարը պետությունը պետք է ավելի շուտ առաջ քաշեր, այլ ոչ թե այն ժամանակ, երբ ընկերություններն արդեն լուրջ միջոցներ էին սկսել ներդնել սեփական ցանցերի կառուցման նախագծերում։

Մեկնաբանել