Գլխավոր Լրահոս

Մեծամորի անորոշ հեռանկարը

Մեծամորի անորոշ հեռանկարը

Գործադիրը ոչ միայն չի պատրաստվում սկսել միջուկային նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքները, այլև չգիտի, թե ինչ միջոցներով է երկարաձգելու Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը։ Կառավարության հուլիսի 4-ի նիստում հաստատված «ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում» ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի մասին խոսք չկա, չի հիշատակվում նաև միջուկային նոր էներգաբլոկի նախագիծը։

Կառավարության համար ուղենշային այս փաստաթղթում Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին չհիշատակելը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ավարտվում է 2016թ. սեպտեմբերին (շահագործման նախագծային ժամկետը՝ 30 տարի)։

Անցած տարի ապրիլի 19-ին գործադիրը որոշում է ընդունել սկսել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման գործընթացը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հանձնարարվել է մինչև 2013թ. օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքների համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, իսկ մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ Մեծամորի տիպի ԱԷԿ-ների շահագործման ժամկետը հնարավոր է երկարաձգել մինչև տասը տարի, այդ աշխատանքների համար պահանջվող ֆինանսական միջոցները կազմում են $100-150 մլն։

Միջնաժամկետ ծախսային ծրագրում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման մասին չհիշատակելը խոսում է այն մասին, որ կառավարությունը պատկերացում չունի, թե ինչ միջոցներով է իրականացնելու այդ աշխատանքները։

Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսակետից Մեծամորի ատոմակայանը այլընտրանք չունի, իշխանությունները բազմիցս նշել են՝ ատոմակայանի շահագործումը կդադարեցվի, երբ լինեն հավասարազոր հզորություններ՝ միջուկային նոր էներգաբլոկի տեսքով։ Հաշվի առնելով միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ ժամկետի գործոնը (5-7 տարի)՝ հասկանալի է, որ Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը այլընտրանք առայժմ չկա։

Ծախսային ծրագրում ոչ մի հիշատակում չկա նաև միջուկային նոր էներգաբլոկի նախագծի մասին, ինչը հասկանալի է այնքանով, որ այս մասին չի նշվում նաև կառավարության գործունեության 2013-2017 թթ. ծրագրում։

Միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը երկրորդ պլան մղելը պայմանավորված է նախևառաջ ֆինանսական խնդիրներով։ 1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի $5,2-7,2  մլրդ։ Գումարի մոտ կեսը պատրաստ է ներդնել Ռուսաստանը՝ միջուկային ռեակտորի տեսքով։ Մյուս մասը պետք է ապահովի Հայաստանի կառավարությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում