Ուղեվարձի բարձրացման հաշվարկը հիմնավորման կարիք ունի. Մ.Մելքումյան

Թեպետ Երևանի տրանսպորտի հարցը կարգավորում է Երևանի քաղաքապետարանը, սակայն ոլորտը տրանսպորտի նախարարությանն է. նշեց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Միքայել Մելքումյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում: Նա հիշեցրեց, որ թեպետ Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ուղեվարձի բարձրացման հաշվարկը հիմնավոր է, տրանսպորտի նախարարությունը դա նույն այս օրերին անհիմն է համարել՝ մերժելով մարզերի երթուղիների ուղեվարձը բարձրացնելու հայտը:

Նրա դիտարկմամբ՝ թանկացման պաշտոնական հաշվարկները քննադատության չեն դիմանում: «Վերադիր ծախսերի հաշվարկը հիմնավորման կարիք ունի, ամորտիզացիան բավական շատ է հաշվարկված, ամորտիզացիայի հետ միասին բանկի տոկոսներն են: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է վարկի տոկոսները մտնեին սակագների մեջ, և դա ծանրանար սպառողների ուսերին: Եվ վերջապես վառելիքի հարցը. մենք տեսանք, որ կառավարությունն ասում է, թե վառելիքի թանկացումը ոչ մի կապ չի ունենալու սպառողների հետ, իսկ քաղաքապետարանն ասում է՝ ունի»,- նշեց Մելքումյանը:

Երևանի տրանսպորտի ոլորտում, ըստ նրա, ազատ շուկայական հարաբերություններ չեն, քանի որ պահանջարկը չի առաջարկ ձևավորում: «Այս ոլորտում ունենք հինգ տոկոս շահութաբերություն, որը քիչ չի նման ծավալով ոլորտի համար. հինգ տոկոս՝ վարկերի տոկոսների և այլ ծախսերի հետ, որ լիովին նստած են սպառողների ուսերին»,- ասաց նա:

Մելքումյանը հիշեցրեց, որ ազգային վիճակագրության տվյալների համաձայն՝ հունվար-հունիսին գնաճը կազմել է 4.1%, իսկ աշխատավարձի աճը՝ 2.7%. և սա այն դեպքում, երբ դեռ հաշվարկված չեն գազի և էլեկտրաէներգիայի նոր՝ բարձր գները, քանի որ դրանք մտնելու են հաջորդ ամիսների դիտարկման մեջ: Նրա հաշվարկներով՝ այս փոփոխությունները հաշվի առնելու դեպքում գնաճը կլինի ավելի քան 8-9%:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել