100-դրամանոց հեղափոխություն

Երևանում ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը առիթ տվեց արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին: Եթե սկզբից այն կարող էր անկազմակերպ ու անկանոն շարժման տպավորություն թողնել, ապա ժամանակի հետ շարժումը սկսեց կոնկրետ պահանջներ դնել և կազմակերպվել: Գծատերերը և թանկացման կողմնակից այլ սուբյեկտներ շարժման ակտիվիստների նկատմամբ որոշ դեպքերում խուլիգանական գործողությունների դիմեցին՝ էլ ավելի սրելով վիճակը:

Տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ակցիաներ աշխարհում շատ են լինում: Ընդամենը մեկ ամիս առաջ ամբողջ Բրազիլիան ցնցվում է քսան տարվա մեջ աննախադեպ ցույցերից, որոնք ծնվել էին տրանսպորտի գների թանկացման պատճառով:

Լավագույն տրանսպորտային համակարգ ունեցող եվրոպական երկրները որակյալ ու իրենց քաղաքացիների համար էժան տրասպորտային համակարգին կարողացել են հասնել քաղաքային իշխանությունների և բնակիչների համընդհանուր ջանքերով՝ անընդհատ նոր լուծումներ փնտրելով: Սրա լավագույն ապացույցը կարող է համարվել CIVITAS եվրոպական նախաձեռնությունը, որը նպատակ ունի օգնել եվրոպական քաղաքներին ներդնել այնպիսի տրանսպորտային քաղաքականություն, ինչը թույլ կտա ունենալ հեռանկարային, մաքուր և արդյունավետ տրանսպորտ: Նախաձեռնությունը բազմաթիվ գործողություններ է իրականացրել՝ ցանկանալով ընդհանուր տրանսպորտը դարձնել ավելի հրապուրիչ: Նպատակն է կրճատել ավտոմեքենաների օգտագործումը, ներդնել տրանսպորտի առավել բնապահպանական ուղղվածություն ունեցող տեսակներ: CIVITAS նախաձեռնության առաջարկած լուծումները դառնում են գործողությունների պլան եվրոպական շատ քաղաքների համար՝ ներքաղաքային տրանսպորտի ոլորտը դարձնելով բավականին ճկուն, հրապուրիչ և արդյունավետ: Այս ամենի հիմքում, որպես կանոն, ընկած է տրանսպորտի հանրային լինելու սկզբունքը:

100 դրամի շարժումը կարող է կարևոր գործընթացների սկիզբ դառնալ: Քաղաքացիների շահերի պաշտպանության այս նոր գործընթացը զգալիորեն կկրճատի Հայաստանում տիրող հուսալքությունը, որը գագաթնակետին էր հասել նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանում: Հույսի վերականգնումը կարևոր նշանակություն ունի արտագաղթի ահագնացող տեմպերը զսպելու և ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման համար: Շարժումն իրավիճակայինից անցում է կատարում ավելի ինստիտուցիոնալ մակարդակի՝ փորձելով հասնել ոչ միայն հարյուր դրամ գնի պահպանմանը, այլև որակյալ ծառայությունների մատուցմանը և վարորդների իրավունքների պաշտպանմանը:

 Նման ակտիվությունը և քաղաքացիական ճնշումը, հնարավոր է, ստիպի իշխանություններին հրաժարվել ներքաղաքային մասնավոր տրանսպորտի գաղափարից և անցում կատարել հանրային/մունիցիպալ տրանսպորտին, ինչն էլ, իրականում, խնդրի լուծման բանալին է:

Նման լուծման համար հարկավոր է հաղթահարել գծատեր որոշ իշխանավորների դիմադրությունը, ինչը դժվար կլինի ՀՀ իշխանությունների համար: Հետևաբար «հարյուր դրամի» շարժումը կհաջողվի միայն այն ժամանակ, երբ քաղաքացիների կողմից ճնշումն ավելի հզոր լինի, քան գծատերերի լոբբինգը: Իշխանությունը միջանկյալ տարբերակ էլ ունի. փրկել գծատերերին՝ տրանսպորտի գինը թողնելով նույնը և հասնելով շարժման մարմանը:

Լուսանկարը՝ Ազատ Գևորգյանի, ՍիվիլՆեթ