Երևան-Մոսկվա օդանավը` 14 դոլար

Գրեթե ամեն օր ազատ ժամանակ «փախչում» եմ Ազգային գրադարան և մեկ կամ մի քանի ժամ մամուլ կարդում` 1919-ի «Յառաջ», 1965-ի «Սովետական Հայաստան», 1992-ի «Ազգ» ու էլի շատ թերթեր:

Վերադարձա Ազգային գրադարանից և ուզում եմ երեք լուր տալ 1992-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից:

1992-ի հոկտեմբերի առաջին երկու օրերին ամերիկյան մեկ դոլարը Երևանում արժեր 309 ռուբլի:

Հիմա կհարցնեք` հետո ին՞չ, որ արժեր 309 ռուբլի: Իսկ եթե մի քիչ ավելի մտածեք` կհարցնեք. իսկ ի՞նչ կարելի էր գնել խորհրդային այդքան ռուբլիներով (Հայաստանն իր դրամն ունեցավ միայն 1993-ի նոյեմբերին):

Ասեմ:

Երևան-Մոսկվա թռիչքը մեկ ուղղությամբ 1992-ի հոկտեմբերի 3-ին արժեր 4.200 ռուբլի կամ գրեթե 14 ԱՄՆ դոլար: Օդանավի տոմսը մինչև Կիև ու Մինսկ նույնպես արժեր 14 դոլար, Թբիլիսի` 6 դոլարից մի քիչ պակաս: Մինչև Տաշքենդ արժեր 15 դոլար, իսկ ահա Տալլին` 16 դոլարից մի քիչ ավելի: «Հայաստանի Հանրապետություն» թերթը հրապարակել էր չվացուցակն ու գները: Այդ օրերին Երևանից թռիչքներ կային միայն դեպի նախկին ԽՍՀՄ քաղաքներ:

Ահա այդ պատճառով էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված Նյու Յորք էր հասնում Մոսկվայի վրայով: Հայաստանի առաջին նախագահը երկրի անկախությունից հետո առաջին ելույթն էր ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: 1992-ի սեպտեմբերի 23-ի իր ելույթում («Հայաստանի Հանրապետություն», 24 սեպտեմբեր, 1992, թիվ 189) Տեր-Պետրոսյանն ասում էր. «Չունենալով ոչ մի հողային պահանջ Ադրբեջանից` Հայաստանը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չի կարելի վերածել էթնիկական փոքրամասնության, որ չի կարելի նրան զլանալ տալ ինքնորոշման իրավունքը, չի կարելի թույլ տալ, որ հողային ամբողջականության սկզբունքի քողի տակ տեղահանվի կամ ոչնչացվի այդ ժողովուրդը»:

Ես շատ լավ եմ հիշում 1992-ի աշունը: Ճիշտ է, դեռ մայիսին հայերը ազատագրել էին Շուշին, բացել Լաչինի միջանցքը, սակայն արդեն ամառվա սկզբին ռազմաճակատում տեղի էր ունեցել բեկում: Աբուլֆազ Էլչիբեյը կարողացավ ոչ միայն ընտրվել նախագահ, այլև հուլիսից սկսած գրոհներով մեկը մյուսի հետևից գրավել Մարտակերտի գյուղերը: Ադրբեջանցիները հասել էին գրեթե մինչև Գանձասար, իսկ Լաչինի միջանցքը հայերը մի կերպ էին պահում: Հենց այդ օրերին էր, երբ ադրբեջանցի մտավորական և քաղաքական գործիչ Զարդուշտ Ալիզադեն Բաքվի մամուլում մի հոդված գրեց` Էլչիբեյին կոչ անելով դադարեցնել գրոհները և հայերի հետ խաղաղ բանակցություններ վարել, քանի որ հայերը ծանրագույն վիճակում են: Այն ժամանակ Ալիզադեին մեղադրեցին դավաճանության մեջ: Հիմա ասում են` ինչ խելացի բան էր ասում:

Վերադառնամ Հանրային գրադարան: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1992-ի հոկտեմբերի 13-ի համարում կարդում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահներ Արա Սահակյանն ու Ադիյադդին Ջալիլովը նոր հանդիպում են ունեցել, այս անգամ` Սադարակում, և քննարկել Մեղրի-Նախիջևան և Իջևան-Աղստաֆա երկաթուղային ուղղություններով բեռնափոխադրումները վերսկսելու ժամկետները, Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստանի և Նախիջևանի գազամատակարարումը համապատասխան քվոտաներով վերականգնելուն սռնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրական հոսանքի մատակարարումը վերսկսելու խնդիրը:

Հիշեցնեմ, որ հենց Աֆիյադդին Ջալիլովն էր 1994-ին Բիշքեկում Ադրբեջանի կողմից հիմնական բանակցողը ղարաբաղյան բանակցություններում: Նա Հեյդար Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից էր: Բիշքեկի հանդիպումից և մայիսյան հրադադարից կարճ ժամանակ անց նա սպանվեց Բաքվի իր տան դիմաց:

Մեկնաբանել