Հնարավոր է՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարարությունը կին գլխավորի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է առաջադրել Դեբորա Լի Ջեյմսի թեկնածությունը երկրի ռազմաօդային ուժերի նախարարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Որպեսզի Ջեյմսը նախարար դառնա, Օբամայի կողմից նրա թեկնածության առաջադրումից հետո այն պետք է հաստատվի Սենատում։ Հաստատվելու դեպքում Ջեյմսը կդառնա երկրի պատմության մեջ երկրորդ կինը, որը կզբաղեցնի այս պաշտոնը․ 1993-1997 թթ․ ռազմաօդային ուժերի նախարար է եղել Շեյլա Ուիդնելը։

Ջեյսմը ներկայում թոփ մենեջեր է Science Applications International Corporation ընկերությունում, որը Պենտագոնի և ամերիկյան հատուկ ծառայությունների խոշորագույն կապալառուներից մեկն է։ 1993-1998 թթ․, երբ նախագահ էր Բիլ Քլինթոնը, նա եղել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ։

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարարը պատասխանատվություն է կրում ռազմաօդային ուժերին վերաբերող ընթացիկ բոլոր խնդիրների, ինչպես նաև ֆինանսական գործունեության և հասարակայնության հետ կապերի համար։ Ռազմաօդային ուժերի նախարարը ենթակա է անմիջապես պաշտպանության նախարարին։

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարարի պաշտոնը թափուր է հունիսի 21-ից, երբ այն լքեց գերատեսչությունը հինգ տարի ղեկավարած Մայքլ Դոնլին։

Մեկնաբանել