Մաշվող Հայաստան

Կեղծված ընտրությունների և արտագաղթի միջև թվաբանական կապն է անմիջական:

Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը նախընտրական շրջանում Տավուշի Մովսես գյուղում բավական ջղային տոնով արձագանքեց մի գյուղացու գանգատին: «Ես ե՞մ մեղավոր, որ քո տղան գնացել է Ռուսաստան»,- նեղսրտեց Սարգսյանը՝ ապա թույլ տվեց գռեհիկ մի արտահայտություն (թարս աճող խիարի մասին), որը հետագայում դարձավ հայկական մամուլի շահարկման թեմա:

Իրականում, Սարգսյանի խոսքերի առաջին մասն էր էական. «Ես ե՞մ մեղավոր, որ քո տղան գնացել է Ռուսաստան»: Անշուշտ, Սարգսյանը չէ մեղավոր, որ մի անհատ տավուշցի թողել է հայրենի տունը, ծնողներին ու փորձում է արժանապատիվ կյանք գտնել Պուտինի Ռուսաստանում: Բայց Սարգսյանը և իշխող վերնախավն է մեղավոր և պատասխանատու, որ վերջին հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 200 հազար մարդ: Հայաստանից արտագաղթած մեկ մարդու համար գուցե Սարգսյանը չէ մեղավոր, բայց մեղավոր է 200 հազար հեռացածի համար:

Սարգսյանն ու իշխող վարչախումբն է մեղավոր և պատասխանատու, որ այս տարվա առաջին վեց ամիսներին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից հեռացել է ավելի քան 123 հազար մարդ: 2012թ. առաջին վեց ամիսներին Հայաստանից հեռացել էր ավելի քան 99 հազար մարդ, 2011-ին` ավելի քան 89 հազար: Այս թվերից հստակ երևում է, որ արտագաղթը դարձել է անշրջելի գործընթաց: Ճիշտ է, առաջիկա վեց ամիսներին ավելի շատ մարդ կվերադառնա Հայաստան, քան կհեռանա, քանի որ սեզոնային աշխատանքից կվերադառնան մի քանի տասնյակ հազար հայաստանցիներ, սակայն միևնույնն է, բացասական հաշվեկշիռը ակնհայտ է:

Այս թվերը հաստատում են այն օրինաչափությունը, որի մասին սովորաբար գրում են ընդդիմադիր լրատվամիջոցները և ընդդիմադիր հայացքներով հասարակական-քաղաքական գործիչները. նախագահական յուրաքանչյուր կեղծված ընտրություններից հետո արտագաղթի ծավալները ավելի են մեծանում: Ընդ որում, կեղծված ընտրությունների և արտագաղթի միջև թվաբանական կապն է անմիջական: Պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին աղաղակում է ոչ իշխանական մամուլը. ընտրությունները կեղծվում են նաև այն մարդկանց բացակայության հաշվին, ովքեր չհաշտվելով այս իշխանությունների կամայականություններին, բռնում են պանդխտության ճամփան:

Ազգային վիճակագրական ծառայության` 2011 թ. մարդահամարի պաշտոնական վերջնական տվյալներով, որոնք հրապարակվել են միայն օրերս, մի շարք համայնքներում Սերժ Սարգսյանը ստացել է ավելի շատ քվե, քան այդ համայնքի առկա բնակչության թիվն է:

Սերժ Սարգսյանը իր անունը արդեն թողել է հայոց պատմության մեջ: Այսօր նրան կարող են գովերգել, փառաբանել նրա արտաքին-քաղաքական ձեռքբերումները, սակայն պատմական կտրվածքով Սերժ Սարգսյանը կհիշվի որպես մի նախագահ, ընդ որում` ժողովրդին քվեն չստացած, որի ղեկավարության տարիներին Հայաստանը մաշվում ու արյունաքամ է լինում` կորցնելով ամենակարևորը` հայ բնակչությանը:

Մեկնաբանել