Ահմադինեժադը ընդգրկվել է Գերագույն խորհրդակցական մարմնի կազմում

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրաման է ստորագրել, որի համաձայն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ընդգրկվել է երկրի Գերագույն ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում, հաղորդում է IRNA գործակալությունը:

Ահմադինեժադն ընդգրկվել է Ընդունվող որոշումների նպատակահարմարությունը որոշող խորհրդում, որը գլխավորում է Իրանի մեկ այլ նախկին նախագահ Ալիաքբար Հաշեմի Ռաֆսանժանին:

Խորհուրդը, որի պարտականությունների մեջ է մտնում ԻԻՀ խորհրդարանի և Դիտորդական խորհրդի միջև կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ունի 28 անդամներ: Վերջիններս հոգևորականներ և ականավոր քաղաքական գործիչներ են, որոնք ընտրվում են հինգ տարին մեկ՝ հոգևոր առաջնորդի կողմից:

«Հաշվի առնելով ութ տարվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում զգալի ավանդը, ներառում եմ Ձեզ Ընդունվող որոշումների նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամների կազմում»,- ասված է Խամենեի հրամանագրում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:

Մեկնաբանել