Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ծաղկաձորում տեղի է ունեցել «Բազե 2013» համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր բացումը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. հաղորդում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Ամենամյա ավանդական դարձած հավաքին այս տարի մասնակցում է 18-ից 30 տարեկան ավելի քան 500 երիտասարդ` Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: Մասնակիցների թիվն այս տարի 150 երիտասարդով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Օգոստոսի 12-ից 18-ը անցկացվող համահայկական երիտասարդական հավաքի շրջանակում նախատեսված են մարզամշակութային մի շարք միջոցառումներ: Աշխարհի տարբեր անկյուններից մեկ գաղափարի շուրջ միավորված երիտասարդները նաև մրցելու են մի շարք մարզաձևերում:
Շնորհավորելով երիտասարդներին հավաքի մեկնարկի և երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը, ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նշել է, որ տարեցտարի այս հավաքի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է: «Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն տարի ավելացնում է ֆինանսավորումը, որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան անցկացնել այս բացառիկ հավաքը»,– ասել է ՀՀ վարչապետը:
«Կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ բազեական շարժումը մշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ այն գեղեցիկ ավանդույթները, որ դուք ձևավորում եք՝ նպաստում են երիտասարդության շրջանում հայրենասիրության, տարբեր ազգային արժեքների և գաղափարների տարածմանը: Այդ առաքելության մեջ մաղթում եմ ձեզ հաջողություններ»,– ավելացրել է Տիգրան Սարգսյանը:
Եռագույնի ներքո «Բազե 2013» հավաքին ձևավորված 45 ջոկատներից երկուսը Երևանից են և համախմբված են նարնջագույն և կապույտ ճակատներում: Ջոկատավարները քաղաքապետին խոստացել են, որ պայքարելու են միայն հաղթանակի համար` բարձր պահելով Երևանի պատիվը:
Յոթօրյա ծրագրում նախատեսված են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական դաշտի գործիչների հետ: