Պայքար ջրի համար. 21-րդ դարի անվտանգության խնդիրը

Եթե աշխարհի մնացած բնակչությունն ունենար մարմնի զանգվածի միջին ինդեքսի նույն ցուցանիշը, որն առկա է ԱՄՆ-ում, ապա դա հավասարազոր կլիներ երկրագնդի բնակչությունը գրեթե մեկ միլիարդով ավելանալուն, ինչը մեծապես կավելացներ ջրի դեֆիցիտը:

Աշխարհի տարբեր տարածաշրջաններում սահման հատող ջրային պաշարների բաժանման և օգտագործման շուրջ տարաձայնությունները դառնում են միջպետական հակամարտությունների առարկա: Այդպես է նաև Մերձավոր Արևելքում, որտեղ Թուրքիան՝ որպես Եփրատ և Տիգրիս գետերի վերին հոսանքի երկիր, միլիարդավոր դոլարներ է ծախսել և ծախսում ջրային նախագծերի վրա, ինչը ուղղակիորեն հարվածում է ստորին հոսանքի երկրներին՝ Սիրիային և Իրաքին: Վերին հոսանքի երկրները ռազմավարական առավելություն են ստանում ստորին հոսանքի երկրների նկատմամբ: Հայաստանը վերին հոսանքի երկիր է Ադրբեջանի նկատմամբ և ջրի միջոցով կարող է ռազմավարական առավելություն ստանալ նրա նկատմամբ:

Նյու Դելիի Քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Բրահմա Չելանին «Պայքար ջրի համար» վերնագրով հոդված է հրապարակել Project Syndicate կայքում՝ աշխարհում ջրի խնդիրը դիտարկելով այն տեսանկյունից, որ ջրի պահանջարկի մեծացման խթաններից մեկը մարդկանց գիրացումն է, մսի սպառման և հետևապես՝

ների գլխաքանակի աճը: Չելանին «Ասիական անողոք ուժը», «Ջուր, Ասիայի նոր մարտահրապարակը» և «Ջուր, խաղաղություն և պատերազմ. դիմակայելով ջրի համաշխարհային ճգնաժամին» գրքերի հեղինակն է:

Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Բնական պաշարների համար միջազգային աշխարհաքաղաքական շարունակ սրվող պայքարը ռազմավարական նշանակության բնական պաշարների մի մասը վերածել է իշխանության համար մղվող պայքարի գործիքների: Անդրազգային ջրային պաշարները դարձել են մրցակցության և հակամարտության առաննապես ակտիվ աղբյուր` հանգեցնելով ամբարտակների կառուցման մրցավազքի և առիթ դառնալով շարունակ ավելացող կոչերի՝ ուղղված Միացյալ ազգերի կազմակերպությանը, որպեսզի այն ջուրը անվտանգության կարևոր խնդիր ճանաչի:

Ջուրը տարբերվում է բնական այլ պաշարներից: Վերջիվերջո, բնական պաշարներից շատերը, այդ թվում՝ նավթը, փոխարինելի են, իսկ ջուրը` ոչ: Նույն կերպ, երկրները կարող են ներկրել հանածո վառելիք, հանքաքար պարունակող օգտակար հանածոներ, բիոսֆերային պաշարներ, ինչպիսիք են ձուկը և փայտանյութը, սակայն նրանք չեն կարող ներկրել ջուր, որը, ըստ էության, երկարաժամկետ հեռանկարում, եթե ոչ մշտապես, տեղական պաշար է: Ջուրը ծանր է նավթից, իսկ սա նշանակում է, որ այն առաքելը կամ տեղափոխելը մեծ հեռավորություններ` նույնիսկ խողովակաշարերի միջոցով (որի համար անհրաժեշտ կլինեին հզոր, մեծ ծավալով էլեկտրաէներգիա ծախսող պոմպեր) չափազանց թանկ է:

Ջրի դեպքում պարադոքսն այն է, որ այն նպաստում է կյանքին, սակայն կարող է նաև մահվան պատճառ դառնալ, երբ դառնում է մահացու միկրոօրգանիզմների կրողը կամ ցունամիի, հանկարծակի ջրհեղեղի, փոթորկի կամ էլ մրրկահողմի ձևով է հանդես գալիս: Մեր ժամանակներում բնական խոշորագույն աղետներից շատերը, այդ թվում, օրինակ` ճապոնական Ֆուկուսիմա քաղաքում 2011-ին տեղի ունեցած աղետը, կապված են եղել ջրի հետ:

Օվկիանոսի մակարդակի բարձրացմանը և փոթորիկների ու բնական այլ ծայրահեղ երևույթների հաճախականության ավելացմանը զուգահեռ գլոբալ տաքացումն անխուսափելիորեն կհանգեցնի խմելու ջրի պաշարների՝ էլ ավելի մեծ թափով օգտագործմանը: Տնտեսական և ժողովրդագրական արագ աճն արդեն հանգեցրել է նրան, որ խմելու ջուրը շատ դժվարհասանելի է դարձել երկրագնդի զգալի մասում: Կենսակերպի փոփոխությունները, օրինակ` հանգեցրել են մեկ շնչի հաշվով խմելու ջրի սպառման ծավալների ավելացմանը, իսկ եկամուտների փոփոխությունը հանգեցրել է սննդակարգի փոփոխությանը, մասնավորապես` մսի սպառման ավելացմանը, որի արտադրության համար միջինը տասն անգամ ավելի շատ ջուր է հարկավոր, քան նույն ծավալի բուսական ծագման սննդանյութերի արտադրության համար:

Այսօր Երկրագնդի բնակչությունը 7 միլիարդից մի փոքր է ավելի, սակայն տնային կենդանիների քանակը ցանկացած պահի գերազանցում է 150 միլիարդը: Տնային կենդանիների այսպիսի գլխաքանակի էկոլոգիական ուղղակի փոխազդեցությունը ավելի մեծ է, քան մարդկությանը, իսկ աշխարհում մսի արագ աճող սպառումն ինքնին դառնում է ջրային ճգնաժամի հիմնական շարժիչ ուժերից մեկը:

Ջրի համար քաղաքական և տնտեսական պատերազմներ արդեն մղվում են աշխարհի մի շարք մասերում, ինչն արտահայտվում է մի քանի երկրների տարածքով հոսող գետերի վրա ամբարտակների կառուցմամբ և ուժային դիվանագիտությամբ կամ նման աշխատանքները կանխելու այլ միջոցներով: Վերցնենք, օրինակ, ջրի համար մղվող լուռ պատերազմը, որը հրահրվել է Եթովպիայի կողմից Կապույտ Նեղոսի վրա ամբարտակ կառուցելով, ինչի արդյունքում Եգիպտոսից ծածուկ կամ բացահայտ սպառնալիքներ են հնչում ռազմական միջամտության մասին:

ԱՄՆ հետախուզական տարբեր գործակալությունների ընդհանուր տեսակետն արտահայտող մի զեկույցում զգուշացվում է՝ մեծ է հավանականությունը, որ հաջորդ տասնամյակի ընթացքում աշխարհի որոշ մասերում ջուրը կարող է օգտագործվել որպես պատերազմ մղելու կամ ահաբեկչական գործողություններ իրագործելու միջոց: Միջազգային փոխգործակցության խորհուրդը (InterAction Council), կազմակերպություն, որը միավորում է ավելի քան 30 երկրների կամ կառավարությունների նախկին ղեկավարների, կոչ արեց անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտրվի, որ ջրի սուր ճգնաժամի մեջ գտնվող որոշ երկրներ դառնան ձախողված պետություններ: ԱՄՆ պետդեպարտամենտն իր հերթին ջուրը հայտարարեց որպես «ԱՄՆ արտաքին քաղաքականության ուշադրության հիմնական առարկաներից մեկը»:

Շատ երկրներում ջրի տեղական պաշարների պակասը ավելի ու ավելի շատ սահմանափակումներ է դնում որոշումների վրա, թե որտեղ կարելի է հիմնել նոր արտադրություններ կամ կառուցել էլեկտրակայաններ: Համաշխարհային բանկի գնահատականներով` այսպիսի սահմանափակումների պատճառով Չինաստանը կորցնում է իր համախառն ներքին արդյունքի 2,3%-ը: Ընդ որում, Չինաստանը դեռ չի դասվում այն երկրների շարքը, որոնք ջրի հետ կապված դժվարություններ են ունենում: Այն երկրները, որոնք դասվում են այս խմբում, սկսած Հարավային Կորեայից և Հնդկաստանից, մինչև Եգիպտոս և Իսրայել, ջրի պակասի պատճառով առաջացող խնդիրների համար շատ ավելի բարձր գին են վճարում:

Այս երկրներն արդեն հասկանում են, որ ջուրը վերականգնվող, սակայն սահմանափակ ռեսուրս է: Ջրային պաշարները վերականգնելու` բնության հնարավորությունն ունի իր առավելագույն սահմանը` այդպիսով սահմանափակելով աշխարհում օգտագործելի քաղցրահամ ջրերի պաշարները մինչև մոտ 200,000 խորանարդ կիլոմետրի: Սակայն 1970 թվականից ի վեր աշխարհի բնակչությունը գրեթե կրկնապատկվել է, իսկ գլոբալ տնտեսությունն ավելի արագ տեմպերով է աճել:

Սակայն ջրի պահանջարկի զգալի մեծացումը ոչ միայն պայմանավորված է պարզապես տնտեսական և մարդկանց թվաքանակի աճով կամ էներգիայի, արդյունաբերական ապրանքների կամ սննդամթերքի հավելյալ արտադրությամբ, որպեսզի բավարարվի աճող պահանջարկը, այլ նաև այն գործոնով, որ երկրագնդի բնակչությունը գիրանում է: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մարդու մարմնի զանգվածի միջին ինդեքսը անընդհատ աճել է, հատկապես 80-ականներից հետո, ինչի արդյունքում գիրացման տարածվածությունը վերջին երեք տասնամյակում կրկնապատկվել է:

Ավելի ծանր մարդիկ բնական ավելի շատ պաշարներ են սպառում, հատկապես ջուր և էներգիա: Խնդիրը միայն այն չէ, թե քանի հավելյալ շունչ պետք է կերակրել, այլ նաև այն, թե որքան ավելորդ ճարպ կա կուտակված երկրագնդի բնակիչների մարմիններում: Օրինակ` բրիտանական BMC Public Health ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ եթե աշխարհի մնացած բնակչությունն ունենար մարմնի զանգվածի միջին ինդեքսի նույն ցուցանիշը, որն առկա է ԱՄՆ-ում, ապա դա հավասարազոր կլիներ երկրագնդի բնակչությունը գրեթե մեկ միլիարդով ավելանալուն, ինչը մեծապես կավելացներ ջրի դեֆիցիտը:

Երբ էժան, առատ ջրի դարաշրջանը փոխարինվեց ջրի նկատմամբ շարունակ աճող սահմանափակումներով, ինչպես քանակի, այնպես էլ որակի պլանում, շատ ներդրողներ սկսեցին ջրին վերաբերվել որպես նոր նավթի: 1990-ականներից ի վեր շշալցված ջրի արտադրության արագ աճը վկայում է այն մասին, որ աշխարհի ամենակարևոր ռեսուրսը ավելի ու ավելի շատ է վերածվում ապրանքի: Սա ավելի շուտ նշանակում է, որ ջրի պակասի դեպքերը ոչ միայն հաճախակի և սուր բնույթ կկրեն, այլ նաև այն, որ սպառողները ջրամատակարարման համար ստիպված կլինեն ավելի շատ վճարել:

Այս կրկնակի խնդիրը կարելի է մեղմել միայն ջրային պաշարների կառավարման և ջրամատակարարման նորարարական միջոցների, ինչպես նաև ջրի ոչ ավանդական աղբյուրների մշակման օգնությամբ: Ինչպես նավթագազային ոլորտում, որտեղ ոչ ավանդական պաշարների արդյունահանումը, ինչպիսիք են թերթաքարն ու գուդրոնային ավազը, բերել է իրադրության կտրուկ փոփոխության, ջրամատակարարման սեկտորում հարկավոր է օգտագործել ոչ ավանդական բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կոյուղաջրերի վերամշակումը և օվկիանոսի ու աղաջրերի աղազրկումը:

Կարճ ասած, ջրի հետ մեր խնդիրներին մենք պետք է այնքան ուշադիր վերաբերվենք, ասես մեր կյանքը դրանից է կախված: Իրականում հենց այդպես էլ կա:

Մեկնաբանել