Անվճար տոմսակներ` թանգարաններ այցելելու համար

«Երևանյան ամառ» ծրագրով օգոստոսի 1-ից Երևանի մարդաշատ վայրերում քաղաքապետարանի կողմից տոմսակներ են բաժանվում քաղաքացիներին՝ թանգարաններ անվճար այցելության համար, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Երևանյան ամառ» տոմսակները մինչև օգոստոսի 31-ը կիրառելի են Երևան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարաններ և «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի Իսաբեկյան ցուցասրահ անվճար այցելությունների համար։

«Երբ հանգիստդ վայելում ես Երևանում» խորագրով տոմսակներում նշված 4 թանգարաններ օգոստոսի 6-ից 18-ը այցելել է 2000 քաղաքացի, ինչը, համաձայն վիճակագրության, այցելության բավական բարձր ցուցանիշ է օգոստոս ամսվա համար։ Այդպիսով՝ թանգարաններ այցելության տոմսակները ծառայում են նաև որպես յուրօրինակ ծանուցագրեր։ Օրինակ՝ միայն օգոստոսի 14-ից 18-ը նշված 4 թանգարաններ այցելել է 1153 քաղաքացի, որից 781-ը՝ «Երևանյան ամառ» տոմսակներով, 372-ը՝ թանգարանների դրամարկղերից գնած տոմսերով։

«Երևանյան ամառ» տոմսակներով մինչ օգոստոսի 18-ը այցելության ամենաբարձրը Ժամանակակից արվեստի թանգարան այցելության ցուցանիշն է՝ 719 այցելու։