ԵՄ և Ադրբեջան. իրականությունն, ինչպես կա. EurasiaNet

Eurasianet.org կայքը «ԵՄ և Ադրբեջան. իրականությունն, ինչպես կա» վերնագրով հոդված է հրապարակել, որը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Հուլիսի կեսին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խստորեն քննադատել էր Եվրոպական խորհրդարանին Բաքվի դեմ միտումնավոր կերպով «կեղտոտ քարոզարշավ» վարելու համար: Ալիևի խիստ տոնը վկայում է, որ մարդու իրավունքները հարգելու հարցում Ադրբեջանի հանդեպ եվրոպական ճնշումը խայթում է Ալիևի վարչակազմին:

Եվրամիության պատգամավորի՝ Ադրբեջանին քննադատող վերջին բանաձևն ընդունվել է հունիսին, երբ եվրոպացի պաշտոնյաները կոչ են արել ազատ արձակել ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանքային շարժման» առաջնորդ Իլգար Մամմադովին: 2012թ. եվրոպացի պաշտոնյաների քննադատությունների շարքում էր նաև անկախ լրագրող Խադիջա Իսմաիլովայի դեմ կազմակերպված և պետականորեն ղեկավարված արշավի հրապարակային քննադատումը:

Ալիևը, որն աշնանը պետք է մեկնի Բրյուսել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելու համար, բավական զգայուն է գտնվել քննադատության հանդեպ: Հուլիսին տեղի ունեցած կառավարական հանդիպման ընթացքում ադրբեջանական քաղաքականության եվրոպական վերջին գնահատականները նա որակել է որպես մի քանի նախանձ անձանց աշխատանքի արդյունք:

«Մինչ այսօր կան կանխակալ դիրքորոշում ունեցող մարդիկ, խորհրդարանականներ, որոնք չեն ընդունում Ադրբեջանի հաջողությունները և պարբերաբար փորձում են հարձակումներ գործել մեր երկրի վրա», – բողոքել է Ալիևը:

Բաքվի վարքագծի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները վրդովեցրել են ադրբեջանական կառավարությանը, սակայն եթե եվրոպացի պաշտոնյաների քննադատության նպատակն է ստիպել Ալիևին և նրա վարչակազմին փոխել ավտորիտար քաղաքականությունը, ապա եվրոպացի պաշտոնյաների համար կարևոր է ցրել ԵՄ գործողությունների մասին ադրբեջանցի քաղաքական գործիչների շրջանում առկա միֆերը:

Ստորև բերված են Բաքվում տարածված որոշ կարծիքներ, որոնք պետք է հաշվի առնեն եվրոպացի պաշտոնյաներն իրենց առաջիկա գործողություններում.

  • Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ եվրոպական քննադատությունը հայկական լոբբիի և Ադրբեջանի «անկախ արտաքին քաղաքականությունը» տապալել ցանկացողների աշխատանքի արդյունքն է: Ճիշտ չէ: Չկա որևէ ապացույց, որ Եվրախորհրդարանի անդամները, որոնք քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ինչ-որ կերպ կապված են հայկական լոբբիի կամ Ռուսաստանի հետ, որը, ըստ տարածված կարծիքի, ցանկանում է Ադրբեջանը վերցնել քաղաքական և տնտեսական իր վերահսկողության տակ: Իրականում, քննադատական կեցվածք ունեցող որոշ եվրախորհրդարանականներ, օրինակ՝ ավստրիացի Ուլրիկե Լունացեկը, պահանջում են դուրս բերել հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական բռնագրավված տարածքներից: Եվրոպական քննադատության պատճառը պարզ է. մարդու իրավունքների վիճակը վատթարանում է՝ չնայած Ադրբեջանը կամավոր կերպով պարտավորություններ է ստանձնել այս ոլորտում: Երբ Եվրամիությունը հանդես է գալիս քննադատությամբ, այն պարզապես երկիրը գնահատում է ըստ իր արժանիքների:
  • Ժողովրդավարացման և մարդու իրավունքները հարգելու պահանջները ոչ այլ ինչ են, քան պարզապես ռեժիմը փոխելու թաքնված փորձեր: Ամենին ոչ: Ամենաքիչը, ինչ ցանկանում է ԵՄ-ն, աշխարհի ամենաթեժ կետերից մեկում անկայունության նոր աղբյուր ունենալն է: Իրականում նրան բավարարում է Ալիևի վարչակազմը, քանի որ այն համագործակցում է էներգետիկ և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում, հատկապես, հակաահաբեկչական, Աֆղանստանի և Իրանի հարցերում: Սակայն հանուն իր իսկ վստահելիության ԵՄ-ն չի կարող բացարձակապես անտեսել մարդու իրավունքների հարցերը: Դա նաև ԵՄ-ի շահերից է բխում. նա Բաքվում ունի այնպիսի կառավարության կարիք, որը որպես գործընկեր երկրում մեծ լեգիտիմություն կունենա: Ալիևին ուղղված ԵՄ-ի մեսիջն է՝ ավելի լավ է այսօր սկսել բարեփոխումները, երբ դու կարող ես վերահսկել գործընթացը ուժեղի դիրքերից, քան վաղը առերեսվել ժողովրդական ցասման: Սակայն եթե կառավարությունը շարունակի «ձգել պտուտակները», և երկրում կենսունակ ընդդիմություն ձևավորվի, նժարը կարող է թեքվել դեպի երկրորդ տարբերակը:
  • Ադրբեջանն անարդար կերպով է ընտրված, և երկակի չափանիշների զոհ է: Այո, կան երկակի չափանիշներ, սակայն դրանք գործնականում աշխատում են Ադրբեջանի օգտին: Օրինակ՝ Եվրոպական կոնսենսուսի համաձայն՝ Բելառուսում կա ինը քաղբանտարկյալ, Ադրբեջանում նրանց թիվը առնվազն մի քանի տասնյակ է, և եթե բելառուս մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ փակ է և նրանց ակտիվները սառեցված են, ապա ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ նման արգելքների սահմանումն անգամ չի դիտարկվել: Ավելին՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը Բելառուսում և Ադրբեջանում անցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները երբևէ չի ճանաչել որպես ազատ և արդար: Մինչդեռ միայն Բելառուսի խորհրդարանն է, որ չի ճանաչվել Եվրախորհրդարանի կողմից և նրա մասնակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում ստեղծված EURONEST միջխորհրդարանական վեհաժողովում արգելված է: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունն, ընդհակառակը, միջխորհրդարանական մարմիններում օգտվում է լիիրավ անդամի իրավունքներից:
  • Եվրամիությունն անտեսում է Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնագրավումը և ադրբեջանցի փախստականների իրավունքները: Ճիշտ չէ: Եվրախորհրդարանը 2010-ին բանաձև է ընդունել՝ Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտության վերաբերյալ (Կիրիլովի զեկույց), որում հստակ կերպով կոչ է անում դուրս բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի բռնագրավված տարածքներից և պաշտպանում ադրբեջանցի փախստականների վերադառնալու իրավունքը: 2012թ. ի լրումն այս պահանջների` Եվրախորհրդարանն առաջին անգամ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը կապել է ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի, այդ թվում` ադրբեջանական տարածքներից հայկական ուժերի դուրս բերման և փախստականների վերադարձի հետ: Անշուշտ, Ադրբեջանը կարող էր ավելին շահել, եթե դադարեր սխալ մեսիջներ ուղարկել, ինչպես օրինակ՝ հայ գործընկերոջ սպանության համար մեղավոր ճանաչված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին ներման շնորհումն ու մեծարումը կամ Աքրամ Այլիսլիի դեմ սկսված արշավը` գրողի, որը հանդգնել է ներկայացնել հայ-ադրբեջանական հակամարտության ավելի մանրամասն պատկեր, քան սովորաբար ընդունված էր Ադրբեջանում:
  • ԵՄպահանջները բավարարելու կարիք չկա, քանի որ Ադրբեջանը երբեք Եվրամիությանը չի անդամակցի: Չափազանց պարզունակ: Ճիշտ է, որ ԵՄ-ն կորցրել է ընդլայնվելու հանդեպ իր ախորժակը, և Թուրքիայի անդամակցության արգելակված գործընթացը գալիս է հաստատելու այս պնդումը: Սակայն ներկայիս ֆինանսական խնդիրները հավետ չեն լինելու, և եվրոպացիները կարող են մտափոխվել ընդլայնվելու հարցում: Կան ԵՄ-ի հետ շփման այլ ձևեր, ինչպես օրինակ՝ ասոցացման համաձայնագիրը, ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը և այցագրային ռեժիմի վերացումը: Եվ ամենակարևորը` ԵՄ նորմերին համապատասխան բարեփոխումների իրականացումն անհրաժեշտ է ոչ թե Բրյուսելին գոհացնելու, այլ ադրբեջանցիների կյանքի որակը բարելավելու համար: Եթե այդ բարեփոխումները հետևողականորեն իրականացվեին, ապա հնարավոր կլիներ անգամ շահել Լեռնային Ղարաբաղի բնակիչների սրտերը և կարգավորել երկարամյա հակամարտությունը Բաքվի համար շահավետ պայմաններով:

Թարգմ.՝ Ստելլա Մեհրաբեկյանի

Մեկնաբանել