Ս.Կարապետյանը գյուղապետերին հանձնարարել է անորակ աշխատանքի դեպքում չընդունել օբյեկտները

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր`օգոստոսի 20-ին, աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր. տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից: Նախարարն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է 3 համայնքներ՝ Ներքին Սասնաշեն, Կարպի, Օհանավան, ինչպես նաև «Թամարա ֆրուտ» ձեռնարկություն:

Նախարարը մարզի ղեկավարության, գյուղապետի և կոոպերատիվի անդամների հետ այցելել և ծանոթացել է «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքներին: Այստեղ գյուղնախարարն իր դժգոհությունն է հայտնել անցյալ տարի շահագործման հանձնված խմոցների որակից և հանձնարարական տվել տասն օրում վերացնել բոլոր թերությունները և ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս աշխատանքին: Նախարարը հանձնարարել է գյուղապետերին խիստ հսկողություն տակ վերցնել շինարարական աշխատանքները, իսկ անորակ աշխատանքի դեպքում՝ չընդունել օբյեկտները:

Ներքին Սասնաշեն համայնքում նախարարը հանդիպել է նոր կազմավորված կոոպերատիվի ներկայացուցիչներին: Նրանք նախարարին հայտնել են, որ պետությունից ստացել են 9 միավոր գյուղտեխնիկա, ողջունել տնտեսությունների խոշորացման ծրագիրը և հույս հայտնել, որ մոտ ապագայում կավելացնեն նաև անասնագլխաքանակը և ցանքատարածությունները: Կոոպերատիվի անդամները նախարարին դիմել են կաթի մթերման հետ կապված խնդիրներով, ինչին ի պատասխան նախարարն ասել է, որ Ներքին Սասնաշենում շատ շուտով բացվելու է կաթի մթերման առանձին կետ՝ համապատասխան սառնարանային հնարավորություններով:

Գյուղատնտեսւթյան նախարարն այցելել է նաև Օհանավան և Կարպի համայնքների խնձորի այգիներ՝ բերքը գնահատելով միջին: Գյուղացիները նախարարին հայտնել են, որ թունաքիմիկատների որակը ցածր է և նրանց ազդեցությունը՝ քիչ արդյունավետ: Գյուղնախարարը հորդորել է նրանց ժամանակին զբաղվել սնկային հիվանդությունների կանխարգելմամբ, ինչպես նաև պահպանել սրսկումների ճիշտ չափաբաժինը:

Գյուղատնտեսության նախարարի հաջորդ կանգառը «Թամարա ֆրուտ» ընկերությունն էր, որտեղ նրան են ներկայացրել վերամշակող ձեռնարկության վերջին շրջանի ձեռքբերումները և հավաստիացրել, որ մթերումների առումով խնդիրներ չեն ծագի: Նախարարն իր այցն ավարտել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են համայնքների ղեկավարները: Ինչպես ամբողջ հանրապետության տարածքում, այնպես էլ այս մարզում ցորենի և գարու բերքն այս տարի առատ է: Մարզի անասնաբուծական ճյուղի ցուցանիշներն էլ տպավորիչ են. տավարի գլխաքանակն ավելացել է 12 տոկոսով, խոզերինը ՝ 9 տոկոսով, իսկ ոչխարների և այծերի գլխաքանակը՝ 13 տոկոսով: Այս արդյունքներով անասնաբուծության ոլորտում Արագածոտնի մարզը հանրապետությունում զբաղեցնում է 3-4-րդ հորիզոնականները:

Մեկնաբանել