Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը խնդիր չի տեսնում Ադրբեջանի տարածք անցած Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հարցում, հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում անելով Պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովին:
Նրա խոսքով՝ ներկայում պարզվում են Ինջիղուլյանի՝ շփման գիծը հատելու պատճառները, որից հետո, զինծառայողի ցանկությամբ, նա հայրենիք կվերադարձվի կամ, ըստ ցանկության, կուղարկվի երրորդ երկիր:
«Ամեն ինչ կախված կլինի ռազմագերու ցանկությունից: Եթե նա ցանկանա Հայաստան վերադառնալ, ապա կվերադառնա: Պետհանձնաժողովը դրանում որևէ խնդիր չի տեսնում», – ասել է Սաիլովը:
Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը’ ժամը 3:00-ի սահմաններում՝ ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք: Օգոստոսի 12-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում Ինջիղուլյանը հարցազրույց էր տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին: