Նախադեպ, որին պետք է աջակցել

Օգոստոսյան այս շոգ օրերին հայկական լրատվամիջոցներով բավականին տարածվեց Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի խուզարկության պատմությունը: ԼՂՀ Ոստիկանությունը խուզարկություններ էր սկսել այս դպրոցում և որոշ աշխատակիցների տներում: Պատճառը դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի «ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ գործողություններ» կատարելն էր: Այս սահմանումով ոստիկանությունը բնութագրում էր հավաքվող 600-ական դրամները, որոնք մուտք էին արվում ԼՂՀ կառավարության կողմից հաստատված բանկային հաշվին և ծախսվում դպրոցի կարիքների համար: Հետաքրքիր է, որ այդ գումարները հավաքվում են տարիներ շարունակ, ֆինանսական հաշվետվությունները հաստատվում են Քաշաթաղի վարչակազմի և ֆինանսների նախարարության կողմից: Ավելին՝ պարզվեց, որ Արցախի գրեթե բոլոր նմանատիպ դպրոցները ծնողական մուծումներ են կատարում, այն էլ ավելի շատ, քան բերձորյան դպրոցում:

Ըստ դպրոցի տնօրենի՝ ոստիկանությունը դեռ ապրիլից տարել է դպրոցի փաստաթղթերը և չի վերադարձրել: Դեպքը լայն արձագանք գտավ Երևանում, որտեղից 90 մտավորականի ստորագրությամբ նամակ ուղարկվեց ԼՂՀ նախագահին` պահանջով միջամտել Բերձորի դպրոցի շուրջ ծավալվող շրջանի իրավապահ և ղեկավար մարմինների ապօրինություններին և ապահովել դպրոցի բնականոն գործունեությունը:

Այս մտավորականները տարբեր կերպ շփվել էին բերձորյան դպրոցին կամ մասնակցել նրա սաների երևանյան ցուցահանդեսներին:

Այս իրադարձությունները մեկ անգամ ևս մտահոգ հանրության ուշադրությունը սևեռեցին Քաշաթաղի շրջանի վրա: Առաջին անգամ չէ, երբ նախաձեռնող, ակտիվ քաղաքացիները ենթարկվում են հետապնդման կամ արհեստական խոչընդոտների: Արցախի դեպքում ավելի ճիշտ է օգտագործել երկրորդ սահամանումը: Սա վաղուց մշակված, դեռևս խորհրդային տարիներին միս ու արյուն ստացած գործելակերպ է. «անհուսալի տարրերից» ձերբազատվում են վերջիններիս համար մանր խոչընդոտներ ստեղծելով, գործեր սարքելով, անընդհատ լարվածության մեջ պահելով, հարզատներին իրար դեմ հանելով և նմանատիպ այլ մեթոդներով: Ի վերջո մարդը տեղի է տալիս, մի օր հավաքում է իրերն ու հեռանում Արցախից: Որպես կանոն, հեռացած արցախցին այլ վայրում իր բնագավառում աննախադեպ հաջողության է հասնում:

Հեռացողների ճակատագիրը չկիսելու համար բերձորյան մի շարք գործիչներ ստեղծեցին վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» միությունը, որի կարևոր գործառույթներից դարձավ իրավապաշտպան գործունեությունը: Վերաբնակվող այս շրջանում, երբ չկան Արցախի այլ շրջաններին հատուկ բազմաթիվ թելերով իրար կապված և տարբեր սոցիալական ինստիտուտներ ստեղծած հասարակությունները, այս գործունեությունն առավել քան կարևոր է՝ պաշտպանելու բնակչությանը շրջանային իշխանությունների հնարավոր և առկա ապօրինություններից: Այս մասին «Քաշաթաղցիներ» միությունը մի քանի անգամ հայտարարել է հրապարակային, դատական եղանակով պաշտպանել մի շարք անձանց իրավունքները: Գոռ Մանուկյանը ևս հանդիսանում է «Քաշաթաղցիների» անդամ, և ոստիկանության կողմից նրա ղեկավարած դպրոցի նկատմամբ հետաքրքրության սկիզբը համընկնում է կազմակերպության տարածած հայտարարություններին հաջորդող ժամանակի հետ:

Մի անգամ, անդրադառնալով նմանատիպ խնդիրներին, նշել էի, որ հարցը կառավարման պատկերացումների մեջ է: Հաճախ շրջանների ղեկավար պաշտոններում հայտնվում են ուժային կառույցներից եկածները, որոնք արդյունավետ կառավարման մասին պատկերացումներ չունեն, հաճախ են օգտագործում իրավապահ մարմինների և այլ կառույցների՝ համընդհանուր վերահսկողություն սահմանելու, սեփական բացարձակ կամքն ամբողջ բնակչության վրա տարածելու համար: Սա, իհարկե, բերում է նախաձեռնող, արժեք ստեղծող մարդկանց վրդովմունքը, արդյունքում ունենում ենք նման կոնֆլիկտներ: Ցավոք, հաճախ դա ավարտվում էր Քաշաթաղը լքելու վճռով: «Քաշաթաղցիներ» միության ստեղծումով որակական այլ մակարդակի վրա է դրվում այս ամենը: Տարբեր գործիչներ միավորվում են՝ կանխելու արտագաղթը և պայքարելու այն ծնող անարդար կառավարման դեմ:

Քաշաթաղն իր մշակութային, երիտասարդական ակտիվությամբ համարվում է Արցախի ամենաակտիվ շրջանը՝ չնայած բնակչության սակավությանը: Քաղաքացիական հասարակության որակների առումով նույնպես Քաշաթաղը կարող է նախադեպային լինել: Այստեղ «Մենք» գյուղացիական փոխօգնության միության կողմից հաջողությամբ իրականացվում են գյուղական աղքատության կրճատման ծրագրեր, «Քաշաթաղցիներ» միությունն էլ զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: Նմանատիպ կազմակերպությունները նոր որակ կարող են բերել Արցախի համար: Մեր հիմնական խնդիրը պետք է դառնա այս կազմակերպությունների ներուժը բարձրացնելը՝ հատկապես ֆինանսապես, նրանց գործունեությունն ընդլայնելու նպատակով:

Մեկնաբանել