Անկախությունից ի վեր Հայաստանում հաճախ քննարկվում է Հանրային հեռուստաընկերության արդյունավետության հարցը: Հանրության կողմից հաճախ հարց է հնչում. արդյո՞ք Հանրային հեռուստաընկերության գործունեությունը ծառայում է հանրային շահին:
Հարցը հնչում է, քանզի այդ հեռուստաընկերությունը իշխանական տարբեր խմբերի շահն է ներկայացնում և անտեսում է հանրային շահը: Բացի վերը նշվածից՝ Հանրայինը նաև շուկայում դոմինանտ դեր ունի և հաճախ է գովազդների պատվերները ստանում, որի ընթացքում ահագին չարաշահումներ կան:
Հարց է առաջանում, թե որ իրավիճակներում Հանրային հեռուստաընկերությունը չի խախտի հանրային շահը: Մի բան հստակ է՝ ցանկացած իշխանություն օգտագործում է անմիջապես իր վերահսկողության տակ գտնվող ռեսուրսները: Նույնիսկ, եթե Հայաստանը ժողովրդավարական դառնա, իշխանությունը չի սահմանափակելու իրեն՝ օգտագործելու այն ռեսուրսները, որոնք իր վերահսկողության տակ են: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է իշխանության վերահսկողությունից դուրս բերել Հանրային հեռուստաընկերությունը՝ հանձնելով այն մասնավոր ընկերության: Այդ քայլը ոչ միայն շուկան կվերաձևափոխի Հայաստանում՝ առավել մրցակցային դարձնելով, այլև առավել պատասխանատու հեռուստաընկերություն ունենալու հնարավորություն կստեղծի:
Քանի որ հանրային սեփականությունը միշտ գտնվում է իշխանության վերահսկողության տակ, իշխանությունն այն միշտ սահմանափակում է իր համար ոչ ցանկալի մարդկանց կողմից օգտագործելու համար, այսինքն՝ հանրության բոլոր անդամների համար այն բաց չի լինում: Հետաքրքիր է բրիտանական BBC հեռուստաընկերության օրինակը. լինելով պետության վերահսկողության տակ՝ այն հաճախ սահմանափակ է եղել, և ընդդիմադիր գործիչները երբեմն չեն կարողացել օգտվել այդ մեդիայից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում մեդիան մասնավոր սեկտորի վերահսկողության տակ է գտնվում, որը հնարավորություն է տվել ընդդիմադիր հայացք ունեցողներին օգտվել այդ ռեսուրսի ընձեռած հնարավորություններից:
Սա չի նշանակում, որ իշխանությունը փորձ չի կատարելու վերահսկել մասնավորին, սակայն մասնավորն իր շահերից ելնելով և մրցակցային դիրքը պահպանելու համար այլակարծություն է ապահովելու: Հենց մասնավոր սեկտորի միջև մրցակցությունն է թույլ տալիս, որ բազմակարծություն լինի, որն էլ իր հերթին ծառայում է հանրային շահին:
«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիաների ժամանակ հեռուստատեսության մի շարք հայտնի դեմքեր նկարել էին սոցիալական գովազդ: Գովազդի մեջ նկարահանվածներից գրեթե բոլորն աշխատում են մասնավոր հեռուստաընկերություններում: Հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունը որոշակի վերահսկողություն ունի մասնավոր հեռուստաընկերությունների վրա, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ մասնավոր հեռուստաընկերությունները համեմատության մեջ ավելի շատ են հանրային շահին ծառայում, քան՝ Հանրային հեռուստաընկերությունը: Վառ օրինակը՝ վերը նշված սոցիալական գովազդը:
Իշխանությունը՝ լինի ժողովրդավարական, թե ավտորիտար, փորձում է օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսներն իր շահերի համար: Ռեսուրսներից օգտվելու հնարավորությունը սահմանափակելու տարբերակներից մեկը ռեսուրսը մասնավոր սեկտորին հանձնելն է: Հասկանալի է, որ Հանրային հեռուստաընկերության մասնավորեցումը կարճ ժամանակահատվածի գործընթաց չէ, և իշխանությունն ամեն ինչ կանի, որ դա լինի իր վերահսկողության տակ, սակայն մի բան պարզ է՝ հանրային շահին ծառայեցնելու համար այն պետք է հանձնել մասնավորին: