Երևանի բոլոր վարչական շրջանները կունենան առանձին շախմատի դպրոցներ. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Դավթաշեն վարչական շրջանի արվեստի կենտրոններում գործող շախմատի խմբակների 48 սաներն այսուհետ մարզիչների հետ միասին ուսումը կշարունակեն նորաբաց շախմատի դպրոցում: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ: Շախմատի դպրոցն ամբողջությամբ կահավորված է համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացմամբ զգալիորեն կավելանա նաև շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:

Տարոն Մարգարյանն այցելել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոց, որտեղ ևս առանձնացված տարածքում ձևավորվում է այս վարչական շրջանի շախմատի նոր դպրոցը: Հետևելով շինարարության ընթացքին՝ քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել սահմանված ժամանակացույցի համաձայն: Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը ևս կկահավորվի համապատասխան գույքով:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության արդյունքում շախմատի դպրոցներ կհիմնվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում:

«Մինչ այս վարչական շրջաններում գործել են շախմատի խմբակներ: Մենք՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ միասին, նախաձեռնեցիք այս ծրագրի իրականացումը, որի արդյունքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կունենան առանձին շախմատի դպրոցներ: Արդեն երկու վարչական շրջաններում ունենք նման կրթօջախներ և երրորդն էլ կլինի Աջափնյակինը, որտեղ այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Այն մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները կգործեն անվճար:

Մեկնաբանել