Աղթամարի Սբ Խաչի նոր «տերերը»՝ պեչենեգներ

Ըստ թուրքական անհեթեթ տեսության՝ եկեղեցին, որին հայերը փորձում են տեր կանգնել, իրականում պատկանում էր պեչենեգներին՝ քրիստոնյա թուրքերին:

Սեպտեմբերի 8-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում տեղի է ունենալու ավանդական պատարագը: Այս տարի նույնիսկ մկրտություն իրականացնելու թույլտվություն է տրվել: Տեղական իշխանությունները ձգտում են հնարավորինս օգտվել զբոսաշրջիկների հոսքերից, և թվում է՝ ամեն ինչ անում են դրա ստվարացման համար՝ լայնորեն տարփողելով իրենց գործունեությունը:

Միևնույն ժամանակ, Թուրքիայում գործում է «Համաշխարհային հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» անունով մի կազմակերպություն, որը պայքարում է բառի բուն իմաստով հայկական ամեն ինչի դեմ: Նրանց կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցրած «պատմական և քաղաքական գնահատականների» վրա կարելի է ընդամենը ծիծաղել, սակայն նրանց թուրքական և ադրբեջանական ազգայնական կազմակերպությունների հետ սերտ կապերը հիշեցնում են «այսքան հիմար լինելու համար հատուկ կրթություն է անհրաժեշտ» հայտնի ասացվածքը:

Իրենց «արյան վերջին կաթիլը հայրենիքի համար չխնայել» խոստացող տղերքը, հիշելով սեպտեմբերին Սբ Խաչում նախատեսվող ամենամյա պատարագը, միանգամայն աբսուրդ նոր տեսություն են առաջ քաշել: Ըստ նրանց, այն եկեղեցին, որին հայերը փորձում են տեր կանգնել, իրականության մեջ պատկանում էր պեչենեգներին՝ քրիստոնյա թուրքերին: Իրենց պնդման հիմք են համարում եկեղեցու վերին մասում գտնվող աղեղավոր ձիավորի պատկերաքանդակը՝ ասելով՝ հայերը երբևիցե շեղ աչքերով չեն եղել և հետադարձ նետ չեն արձակել:

Նման անհեթեթություններից բացված ախորժակը նրանց թույլ է տալիս խոսել Աղթամար կղզում հայերի կողմից թուրք կանանց զանգվածային բռնաբարությունների մասին և իշխանություններից պահանջում են կղզին վերանվանել «բռնաբարության կղզի», նշում են, որ «Թամար» անունը սերում է թուրքերեն «դամար» (ճանապարհ) բառից: Վրացիները, այդ անունը գողանալով, տվել են իրենց թագուհուն, բայց չպետք է մոռանալ, որ «վրացիներն էլ թուրքական ծագում ունեն, և նրանց նշանավոր թագուհին ղփչաղի աղջիկ էր»:

Ըստ թուրք որոշ գիտնականների՝ Նոյը թուրք է, Ադամը թուրք է, էտրուսկները, փռուգիացիները, վիկինգները, ամերիկյան բնիկ կարմրամորթները թուրք են, Ամերիկա մայրցամաքը ևս հայտնաբերել են թուրքերը: Իհարկե, այս բոլորն ընթերցելիս չպետք է տրամաբանության թակարդների մեջ ընկնել և մտածել, եթե Ամերիկայում թուրքեր էին ապրում, ինչպե՞ս կարող էին Եվրոպայից գալ և հայտնաբերել Նոր երկիրը: Նաև չպետք է մոռանալ Աթաթուրքի «Արև-լեզու» տեսությունը, որի մաս են կազմում մեծ օվկիանոսում 14 000 տարի առաջ ջրասույզ եղած Մու երկրամասի թուրքերի հայրենիք լինելու պնդումները: Ըստ նրանց՝ հայկական առասպելական աստվածներից Տորք Անգեղը իրականում թուրք կամ թորք Անգեղն էր, իսկ հայերի նախնի Հայկ նահապետի հայր Թորգոմը իրականում թորք – թուրք էր, հայկական շատ բարբառներում թուրքերին դեռ հիմա էլ թորք են անվանում:

Գործնականում այս բոլորը կարդալով՝ կարող եք գալ եզրակացության, որ աշխարհի բոլոր ազգերը ծագում են թուրքերից, իսկ հայերը, ցավոք, «վատ ու ապերախտ թուրքեր են»:

Սեպտեմբերի 8-ին տեղի ունենալիք պատարագին մի խումբ ազգայնական թուրքեր իրենց ազերի եղբայրների հետ արդեն որոշել են մասնակցել առնվազն չորս ավտոբուսով, կոչ են անում թուրքական իսկական արժեքների կրող հասարակությանը և հատկապես երիտասարդներին ակտիվորեն մասնակցել այդ արարողությանը և հայերին ցույց տալ՝ ով է եկեղեցու իսկական տերը:

Դժվար է կռահել, թե սուրբ պատարագի ընթացքում ինչպիսի միջոցառում են կազմակերպելու պեչենեգների հետնորդները. գուցե արհեստականորեն նեղացնելով իրենց աչքերը՝ փորձելու են հետադարձ նետաձգություն իրակականցնել: Սակայն ծիծաղելի, ավելին՝ վախեցնող է այն փաստը, որ թուրքական հակահայկական ագրեսիան պատմությունը կեղծելու և վերաձևակերպելու ուղղությամբ չի խուսափում հարկավոր ժամանակ նույնիսկ հետահայաց քրիստոնեություն ընդունելուց, անգամ՝ հրաժարվելով «Մուհամեդի սուրբ հավատքից»:

(Photo: wikipedia.org)

Մեկնաբանել