Կոոպերացիան Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարն է. գյուղնախարար

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այցը Կոտայքի մարզ օգոստոսի 27-ին սկսվել է Ձորաղբյուր համայնքից, հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից:

Գյուղնախարարը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ նախ այցելել է Ձորաղբյուր համայնքի ջերմոցային տնտեսություն, ծանոթացել այնտեղ ներդրված հոլանդական նորագույն տեխնոլոգիաներին: Նախարարին հայտնել են, որ տնտեսությունն ամբողջությամբ արտահանման կողմնորոշում ունի և նախատեսվում է արտահանել շուրջ 6 հազ. տ բանջարեղեն, որի գերակշիռ մասը՝ լոլիկ:

Գյուղնախարարի հաջորդ կանգառը «Արտաշես» պտուղ-բանջարեղենի վերամշակման ընկերությունն էր: Նախարարը ծանոթացել է արտադրական պայմաններին, շրջել արտադրամասերում, գնահատել ձեռնարկության սանիտարահիգիենիկ վիճակը: Ձեռնարկությունը մասնագիտացված է էկոլոգիապես մաքուր բնական հյութերի, մուրաբաների, մարինադների արտադրության մեջ և մթերումներ է իրականացնում ոչ միայն Կոտայքի մարզում, այլև՝ ողջ հանրապետության տարածքում:

Նախարարը նաև այցելել է Ակունք համայնքում գտնվող շուրջ 10 հա տարածությամբ ելակի, մորու և ազնվամորու այգի: Հատկանշական է, որ այնտեղ ներդրված էր Հանրապետությունում թերևս միակ կաթիլային ոռոգման և սնուցման ժամանակակից համակարգ՝ ջրի խնայողության հատուկ ռեժիմով: Այգու սեփականատերը նախարարին ցույց է տվել այգում տեղակայված ևս մի քանի արդիական տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ պտուղը զերծ է մնում տարատեսակ հիվանդություններից: Գրեթե ամբողջ բերքը արտահանվում է:

Նախարարի մյուս կանգառը Հայաստանի խնձորի այգիներից մեկն էր, որը հիմնվել է դեռևս 1976-ին: Գյուղնախարարը խոսել է շուրջ 400 հեկտարանոց այս այգու պատմության մասին, որտեղ արդեն հիմնվել է տնկարանային նոր տնտեսություն, քանի որ այգին ծերացել էր և անհրաժեշտություն կար այն փոխարինել նորատունկ խնձորենիներով:

Այգու 50 հեկտարի վրա գյուղացիական տնտեսությունները կազմակերպել են կոոպերատիվ տնտեսություն և նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ կոոպարետիվ միավորումը սպասվածից ավելի արդյունքներ է տվել: Նախարարը կոոպերատիվի անդամների հետ զրույցում ասել է, որ կոոպերացիան Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարն է: Սերգո Կարապետյանը մարզի ցուցանիշները գնահատել է առաջանցիկ՝ 9.6 %-ով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն է ավելացել և 8%-ով՝ մանր եղջերավորներինը: Առկա խնդիրների շարքում նախարարը նշել է Կոտայքի մարզի անմշակ հողերի ծավալը, սակայն եթե համեմատենք 2010թ. տվյալների հետ, որի ընթացքում անմշակ հողերը 66% էին կազմում, ապա այն զգալի կրճատվել է՝ այսօր կազմելով 56 %, ինչը դարձյալ բարձր է: Այս տարի ևս 2033 հա հող մտել է շրջանառության մեջ:

Գյուղնախարարի Կոտայքի մարզ կատարած վերջին կանգառը Քաղսի համայնքում էր, ուր նա այցելել է գարու, ցորենի, հաճարի դաշտեր և խոտհարքներ: Ի դեպ, Կոտայքի մարզում այս տարի 1.320 հա-ով ավելացել է հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքը, որը բարձր է հանրապետության միջին ցուցանիշից: