«Սիրիական էլեկտրոնային բանակը» հայտարարել է, որ իր հաքերներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Twitter միկրոբլոգերի խոշորագույն ծառայությունը: Հաքերները նաև հաստատել են իրենց առնչությունը New York Times և Huffington Post կայքերի վրա կատարված հարձակմանը, հաղորդում է BBC-ն:
Այն մասին, որ New York Times թերթի կայքը ենթարկվել է «միտումնավոր հաքերական հարձակման», թերթի ղեկավարությունը հաղորդել է օգոստոսի 27-ին: Ներկայում կայքը դեռ չի աշխատում, մինչդեռ Huffington Post-ի կայքի աշխատանքը հաջողվել է վերականգնել:
«Սիրիական էլեկտրոնային բանակը» նաև հայտարարել է, որ իրենց հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Twitter-ը, հաղորդում է Business Insider-ը:
Twitter-ի դոմենային ռեգիստրը կոտրելու մասին հաքերները հայտնել են իրենց միկրոբլոգում: Հաքերները հաղորդագրությանը կցել են սքրինշոթ, որից երևում է, որ «Սիրիական էլեկտրոնային բանակը» փոխել է տեղեկությունը Twitter.com-ի դոմենային ռեգիստրի ադմինիստրատորի մասին:
Twitter-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն աշխատում է խնդրի լուծման վրա: