Օբաման պատրաստվում է հարվածել Սիրիային

Օբաման նշել է, թե ՄԱԿ-ն ամբողջովին կաթվածահար է և չի ցանկանում Ասադին պատասխանատվության ենթարկել: (Photo: blogs.reuters.com)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար Կոնգրեսի համաձայնությունը ստանալու մտադրության մասին, հաղորդում է Reuters-ը: Նա չի հստակեցրել, թե Կոնգրեսը երբ կքննարկի այդ հարցը, սակայն ընդգծել է, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի՝ «վաղը, հաջորդ շաբաթ, մեկ ամիս անց»: Կոնգրեսի նստաշրջանն սկսվում է սեպտեմբերի 9-ին, սակայն ներկայում արտահերթ նիստ գումարելու մասին խոսք չկա:

Սպիտակ տան ղեկավարը կարող էր ռազմական գործողություն սկսել նաև առանց Կոնգրեսի համաձայնության, սակայն նա նշել է, թե այդպես «ավելի ճիշտ է»՝ կոնգրեսականներին կոչ անելով քվեարկել դրա օգտին: Օբաման ասել է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը կլինի «սահմանափակ» բնույթի, և ցամաքային ներխուժում չի լինի:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը պետք է պատժվի օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենք օգտագործելու համար: Օբաման նշել է, թե ՄԱԿ-ն ամբողջովին կաթվածահար է և չի ցանկանում Ասադին պատասխանատվության ենթարկել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում շաբաթ օրը սադրանք է որակել այն պնդումները, որ հենց Ասադի ուժերն են քիմիական զենք կիրառել ապստամբների նկատմամբ: Նա ԱՄՆ-ին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տեսուչներին հնարավորություն տալ գտնելու համապատասխան ապացույցներ: