Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր շնորհավորական ուղերձն է հղել Գիտելիքի օրվա առիթով, որում ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Հայրապետական Մեր օրհնությունը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով և շնորհավորում կրթական հաստատությունների բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին:

Սիրելիներ, տոնական այս օրը դիմավորում ենք ուրախ սրտով ու բարի ցանկություններով: Վստահ ենք, որ մեր նվիրյալ ուսուցիչների և կրթության բարի մշակների ջանքերով մեր զավակների համար, ուսումը, գիրքն ու ընթերցումը դառնում են կյանքի լուսատու կանթեղները: Ուսանեք սիրով, քանի որ սուրբգրային խոսքով` խելացի սիրտը ձեռք է բերում իմացություն, և իմաստունների ականջները փնտրում են ուսանելի խորհուրդներ (Առ. ԺԸ 15):

Մեր հայցն ու աղոթքն է առ Բարձրյալ Տերը, որ աստվածային երկնառաք Իր օրհնությամբ արգասավորվի նոր ուսումնական տարին, և մեր զավակները ջանադրությամբ ամեն ժամ բազմապատկեն իրենց գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր Հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն»

Մեկնաբանել